211652_close_icon
views-count3131 դիտում article-date 10:48 27-11-2018

Փոխվել է այն միակ մարդը, որը Հայաստանում որոշում է ընդունում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մարդիկ ստեղծել են «խորհրդարան» կոչվող պետական ինստիտուտը՝ ելնելով այն «կանխավարկածից», որ, ասենք, 100 հոգի, հավաքվելով և վիճելով, ավելի իմաստուն որոշում կկայացնեն, քան մեկ անհատը: Ես, ճիշտն ասած, որոշակի վերապահումով եմ վերաբերվում այդ ենթադրությանը, որովհետև հիշյալ 100 հոգին կարող են իրար վարակել ոչ միայն իմաստությամբ, այլև հիմարությամբ: Բացի այդ, պատմությունից, թեկուզ նաև կենցաղային օրինակներից հայտնի է, որ 100 հոգու շահերի համադրումից միշտ չէ, որ խելամիտ բան է ստացվում: Ոչ անհատն է կատարյալ ու անսխալական, ոչ էլ 100 հոգանոց խումբը, ու մեծ հաշվով պառլամենտի իմաստն այն է, որ մեկ մարդու խելացի կամ ցնորամիտ որոշումները զսպվեն ու հակակշռվեն մի քանի տասնյակ մարդու որոշումներով, որոնց որակը նույնպես երաշխավորված չէ: Համակարգը չի ապահովագրում ձախողումներից և անգամ աղետներից, բայց, ինչպես ասում են, ավելի լավ բան մարդկությունն առայժմ չի հայտնագործել: Կառավարումը խորհրդարանական է, թե նախագահական՝ այստեղ բացարձակապես նշանակություն չունի: Անհատի և պառլամենտի փոխզսպումը գործում է թե՛ խորհրդարանական համակարգով կառավարվող Գերմանիայում, թե՛ սահմանադրական միապետություն հանդիսացող Բրիտանիայում, թե՛ «նախագահական» Միացյալ Նահանգներում: Իսկ, օրինակ, Ֆրանսիայում այդ առումով խնդիրներ են առաջանում. եթե նախագահի վարկանիշը 70 տոկոս է, երկիրը կայուն է, իսկ եթե դառնում է 20 տոկոս, առաջանում են մեծուփոքր ցնցումներ: Խարիզմատիկ գեներալ դը Գոլի «հագով կարած» Սահմանադրությունը դժվարություններ է ստեղծում Օլանդի կամ Մակրոնի նման ոչ խարիզմատիկ գործիչների համար: Անհատի և խորհրդարանի հակակշիռներ Հայաստանում չեն գործում: Այն պահից, երբ 1991 թվականի հոկտեմբերի 16-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Հայաստանի նախագահ, այսինքն՝ արդեն 27 տարի մեր երկրում ամեն ինչ որոշվում է մեկ մարդու կողմից: Այդ մարդկանց ազգանունները բոլորին հայտնի են, և խնդիրն այստեղ ամենևին ազգանունների մեջ չէ. եթե որոշումներ ընդունող անհատն օժտված է բացարձակ իշխանությամբ, եթե չկան նրա գործունեությունը զսպող մեխանիզմներ, ապա, ինչպիսի հրաշալի անձնավորություն էլ նա լինի, երկրի կայունությունը մշտապես վտանգի տակ է: Պառլամենտն այս պարագայում խաղում է և, ցավոք, ենթադրում եմ, դեռ կխաղա զուտ դեկորատիվ դեր: Դրա վառ ապացույցն այն է, որ հեղաշրջման (1997) կամ հեղափոխության (2018) ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը վազում է ուժեղի հետևից և նրան հավատարմության երդում է տալիս: Պատգամավորները հասկանում են, որ փոխվել է այն միակ մարդը, որը Հայաստանում որոշում է ընդունում ու, բնականաբար, նրա հովանավորության կարիքն են զգում: Որևէ բան զսպելու կամ հակակշռելու ցանկություն նրանք չունեն»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր