1760 դիտում
15:46 26-11-2018
Ջոն Գրինի ամենաբարդ ու ամենաապշեցուցիչ ստեղծագործությունը՝ «Անվերջ կրիաներ»-ը, ներկայացվեց հայ ընթերցողին
Բեսթսելերների հեղինակ, հանրահայտ ամերիկացի գրող Ջոն Գրինի ամենաբարդ և ամենից ապշեցուցիչ ստեղծագործությունը՝ «Անվերջ կրիաներ»-ը, հայերեն թարգմանությամբ ընթերցողի սեղանին է: «Նյու Յորք Թայմզ»-ի բնորոշմամբ՝ սա ընթերցողի համար Գրինի ստեղծագործություններից ամենաբարդն է: «Փիփլ»-ն այն բնութագրում է որպես «նուրբ պատմություն այն մասին, թե ինչ անել, երբ կարծես ամեն բան վերահսկողությունից դուրս է»: «Անվերջ կրիաներ»-ը հայերեն է թարգմանվել «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ, թարգմանիչն է Լիա Ասատրյանը:
«Ջոն Գրինն աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է, գրող, ով արդեն ստեղծագոծում է 10-12 տարի և ավելի քան 20 միլիոն գիրք է վաճառել: Դա ապշեցուցիչ ցուցանիշ է: Սկզբում մեր հրատարակչությունը նախաձեռնել էր Ջոն Գրինի՝ «Աստղերն են մեղավոր» ստեղծագործության հայերեն թարգմանությունն ու լույսընծայումը: Հետո հրատարակեցինք Ջոն Գրինի «Թղթե քաղաքները»: Այժմ հերթն «Անվերջ կրիաներ» գրքինն է, որը համարում են Գրինի ամենաուժեղ գործը: ԱՄՆ-ում այն լույս է տեսել 2017-ի նոյեմբերին, մեկ տարի էլ չի անցել, այն լույս է տեսնում Հայաստանում: Մենք փորձում ենք մշտապես մեր ձեռքը պահել համաշխարհային գրականության զարկերակի վրա»,- գրքի շնորհանդեսի ընթացքում նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ Գրինի «Աստղերն են մեղավոր» և «Թղթե քաղաքները» գրքերն արդեն իսկ էկրանավորվել են, «Անվերջ կրիաներ»-ի հիման վրա էլ ֆիլմ է նկարահանվում, որը հանրությանը կներկայացվի հաջորդ տարի: Ի դեպ, շնորհանդեսին «ներկա» էր նաև գրքի «գլխավոր» հերոսը՝ իսկական կրիա: Շավարշ Կարապետյանն իր խոսքում առանձնահատուկ շեշտեց՝ կրիայի առկայությունը պատահական չէ, քանի որ գրքի անունն է «Անվերջ կրիաներ», իսկ թե ինչու է այն այդպես կոչվում, հայտնի կդառնա գիրքն ընթերցելուց հետո:
Գրքի թարգմանիչ Լիա Ասատրյանն էլ իր խոսքում շեշտեց՝ մեծ հաճույքով է թարգմանել «Անվերջ կրիաներ»-ը և թարգմանության գործընթացը թեթև է անցել:
«Հատկապես ուրախ եմ, որ հենց այս գիրքն եմ թարգմանել: Ես բացահայտեցի հեղինակին այս գրքի միջոցով: Շատ հուզիչ և անկեղծ վեպ է նաև այն պատճառով, որ հեղինակը գրում է որոշակի հոգեբանական խնդիրների մասին, որոնց միջով է անցել: Ցանկացած մարդ կարող է իրեն գտնել այս գրքում»,-շնորհանդեսի ընթացքում նշեց թարգմանիչը:
Նշենք, որ միջոցառման ընթացքում ցուցադրվեց տեսանյութ, որում Ջոն Գրինն անգլերենով կարդում է «Անվերջ կրիաներ»-ի առաջին գլուխը: Լիա Ասատրյանն էլ շնորհանդեսի մասնակիցների համար ընթերցեց գրքի առաջին գլխի հայերեն թարգմանությունը:
Հավելենք, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ 16-ամյա Ազան երբևէ չէր հետամտել քննելու անհայտ կորած միլիարդատեր Ռասել Փիքեթի առեղծվածը, սակայն հարյուր հազար դոլարը գայթակղիչ է, իսկ նրա լավագույն և ամենաանվախ ընկերուհին՝ Դեյզին, ցանկանում է անպայման այդ հետաքննությունն անել: Այսպիսով, երկուսով դուրս են գալիս Ռասել Փիքեթի որդու՝ Դեյվիսի հետքի վրա: Ազան փորձում է լինել լավ դուստր, լավ ընկեր, լավ ուսանող և գուցե անգամ լավ դետեկտիվ՝ այդ ընթացքում պարփակված լինելով իր սեփական մտքերի, հոգեբանական խնդիրների սեղմող հորձանուտում:
Նշենք, որ «Էդիթ Պրինտ»-ը հաջորդ տարի հայերեն թարգմանությամբ հանրությանը կներկայացնի Գրինի «Ալյասկայի որոնումներում» գիրքը:
Նմանատիպ նյութեր
3970 դիտում
22:21 17-11-2017
Ջոն Գրինի «Թղթե քաղաքները» մուտք է գործում դպրոցական գրադարաններ
2079 դիտում
16:06 19-12-2019
Ջոն Գրինի «Ալյասկայի որոնումներում» բեսթսելերը հայերեն թարգմանությամբ կդրվի ընթերցողի սեղանին
Այս բաժնից
1141 դիտում
23:06 25-12-2024
Նորոգվել է Երևան - Արմավիր - ՀՀ սահման ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը
982 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն