211652_close_icon
views-count2617 դիտում article-date 21:58 23-11-2018

Ստեփանակերտում և Տիրասպոլում կհիմնվեն առևտրային ներկայացուցչություններ. պետնախարար Մարտիրոսյանը և փոխվարչապետ Ցուրկանը համաձայնագիր են ստորագրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության փոխվարչապետ Ալեքսեյ Ցուրկանի գլխավորած պաշտոնական պատվիրակությանը: Պետական նախարարը ողջունել է հյուրերին Արցախի Հանրապետություն կատարած այցի կապակցությամբ և նշել, որ շատ ուրախ է, որ, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, երկու երկրների կառավարությունների միջև կստորագրվի առևտրային ներկայացուցչություններ հիմնադրելու մասին համաձայնագիր: «Արցախի իշխանությունների անունից ուզում եմ հայտնել, որ մեզ համար շատ կարևոր են Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության եղբայրական ժողովրդի հետ փոխադարձ շփումների զարգացումն ու խորացումը: Այս առումով համոզված եմ՝ համաձայնագրի վավերացումը կամրապնդի երկկողմ տնտեսական կապերը և որակապես նոր մակարդակի կհասցնի առկա հարաբերությունները»,- ասել է Գ. Մարտիրոսյանը և ավելացրել, որ նոր համագործակցությունը խթան կհանդիսանա նաև տնտեսության ոլորտում ունեցած դրական փորձի փոխանակման առումով: Շնորհակալություն հայտնելով ջերմ և հյուրընկալ ընդունելության համար՝ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության փոխվարչապետ Ալեքսեյ Ցուրկանը նշել է, որ երկու հանրապետություններում առևտրային ներկայացուցչությունների հիմնադրումը սպասված իրադարձություն էր, որը գործնական քայլերի համար նոր հնարավորություններ է ստեղծելու: Նա համոզմունք է հայտնել, որ այն մեծապես կնպաստի երկու երկրների տնտեսական միջավայրերի ներդրումային գրավչության բարձրացմանն ու նոր գործարար կապերի ստեղծմանը:

Նմանատիպ նյութեր