Մոեմին հավանելու մեջ ոչ մի հակակոմերիտական բան չկա․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Իմ լրագրող գործընկերներից շատերը, հաջողությամբ հանձնելով քննությունները, ընդգրկվել են տարբեր կուսակցությունների նախընտրական ցուցակներում: Կրկին բարի երթ մաղթեմ նրանց: Գործընկերներիցս մեկը քննությունից «կտրվել» է, ցուցակի մեջ չի մտել և այդ առիթով դժգոհություն է հայտնել: Կարծում եմ՝ դժգոհելու հիմք առանձնապես չկա: Եթե որոշել ես համալրել այս կամ այն կուսակցական ցուցակը, պետք է պատրաստ լինես կանգնել քննիչ հանձնաժողովի առջև: Կա՛մ դու ընդհանրապես չես խառնվում քաղաքականությանը, կամ էլ պետք է համապատասխանես տվյալ կուսակցության պահանջներին:
Ի դեպ, քաղաքական ուժերի ղեկավար կազմի ժամանակը խնայելու և մարդկային գործոնը բացառելու նպատակով առաջարկում եմ այդ քննությունն անցկացնել թեստային համակարգով: Օրինակ, հարց՝ «ո՞վ է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին»: Պատասխանների տարբերակներ՝ ա/ Էնվեր փաշան, բ/ Իլհամ Ալիևը, գ/ Սերժ Սարգսյանը, դ/ հրեա մասոնները: Քանի որ ճիշտ պատասխանը շտեմարաններում արդեն կա, մնում է, որ քննության արդյունքները որոշի համակարգիչը: Ինձ թվում է՝ այդպես ավելի օբյեկտիվ կլինի:
Կասեք՝ պարզունակ մոտեցում է: Բայց քաղաքականությունն ինքնին և նախընտրական պայքարը հատկապես պրիմիտիվ են ըստ բնորոշման՝ «սև ես – սպիտակ ես», «ժողովրդի հետ ես – ժողովրդի դեմ ես», «թալանել ես – չես թալանել», «խմել ես արյունը – չես խմել»: Այդ կռվի մեջ հաղթում է նա, ում մեղադրանքները էմոցիոնալ տեսանկյունից առավել տպավորիչ կլինեն: Եթե որևէ մեղադրանքի ի պատասխան մեղադրվող անձը որոշի բանական փաստարկներ բերել և արդարանալ, դա կնշանակի, որ նա քաղաքական պայքարից ոչինչ չի հասկանում: Ցանկացած մեղադրանքի պետք է հակադարձել ավելի թունդ պատասխան մեղադրանքով: Դա ամենևին չի նշանակում, որ ընտրական գործընթացին մասնակցող բոլոր գործիչների մտավոր մակարդակը ցածր է: Ամենևին ոչ, կան շատ կրթված և զարգացած մարդիկ, բայց քարոզի «թիրախային լսարանը», հասցեատերը լայն ժողովրդական զանգվածներն են, հենց նրանց ձայնն են նրանք հիմա հայցում:
..․Եվ կրկին քննություն հանձնելու մասին: 1974 թվականին ես ընդունվում էի կոմերիտմիության շարքերը: Քննության համար պետք էր նախապատրաստվել և, մասնավորապես, իմանալ, թե երբ, ինչի համար, ինչ շքանշաններ է ստացել ՀԼԿԵՄ-ը: Վերջին, «շրջանային» փուլում հաջողությամբ պատասխանեցի այդ հարցերին, բայց դրանից հետո հավելյալ «քնարական» հարց հնչեց՝ «ով է ձեր ամենասիրելի գրողը»: Հավանաբար ակնկալվում էր, որ «ազգային ոգով տոգորված»՝ ես կտամ Պարույր Սևակի կամ Հովհաննես Շիրազի անունները, որոնք այն ժամանակ շատ հնչեղ էին: Իսկ ես պատասխանեցի՝ «Սոմերսեթ Մոեմը»: Կոմերիտական քննիչ հանձնաժողովի անդամները իրար երես նայեցին, այնուհետև մեկը մյուսի ականջին ինչ-որ բան փսփսաց, և հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ Մոեմին հավանելու մեջ ոչ մի հակակոմերիտական բան չկա»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]