ԱՄՆ-ն Գոհաբանության օրվա կապակցությամբ 10 հազար հնդկահավ է ուղարկել արտասահմանում ծառայող իր զինվորականներին
Արտասահմանում ծառայող ամերիկացի զինվորականներն ավելի քան 136 տոննա հնդկահավի միս են ստացել նոյեմբերի 22-ին նշվող Գոհաբանության օրվա առթիվ, հաղորդում է Ria Novosti-ն։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ կառավարությունը մոտ 10 հազար հնդկահավ Է ուղարկել, որպեսզի զինվորականներին շնորհակալություն հայտնի իրենց ծառայության համար:
«Մեր պարտքն է՝ երախտագիտություն հայտնել, նրանց տրամադրել ամենալավ ճաշը, որը կարող է առաջարկել մեր երկիրը»,-ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ կազմակերպվելու է ավելի քան 270 տոնական երեկույթ, այդ թվում՝ Եվրոպայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում:
Պենտագոնը գլխավոր կերակրատեսակի հետ լրացուցիչ զինծառայողներին է ուղարկել շուրջ 35 տոննա տավարի միս, 9 տոննա խոզապուխտ, 7 տոննա քաղցր կարտոֆիլ, 30 տոննա մանր ծովախեցգետին, 36 տոնա կարկանդակ, 8 տոննա տորթ։