211652_close_icon
views-count1441 դիտում article-date 15:27 29-11-2018

Արտասահմանում ծառայող հայ խաղաղապահները նույնպես կքվեարկեն

Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները դեկտեմբերի 9-ին՝ ԱԺ արտահերթ ընտրություններին, քվեարկելու հնարավորություն կունենան: «[url=https://www.armenpress.am/arm/news/956329.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին, ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Խաղաղապահ առաքելություն իրականացնող զինծառայողները քվեարկելու են նույն սկզբունքով, ինչ դիվանագետներն արտասահմանում: Լիբանանում ծառայություն իրականացնողները կքվեարկեն ՀՀ դեսպանատանը, իսկ Կոսովոյում, Մալիում և Աֆղանստանում, որտեղ չկան ՀՀ դեսպանություններ, նրանց համար այդպիսի հնարավորություն կստեղծեն տարածաշրջանային դիվանագիտական կառույցները: Զինծառայողների համար կբացվեն հատուկ կետեր՝ քվեաթերթիկներով և ծրարներով»,- նշեց Հովհաննիսյանը: Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում, որտեղ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումն ընդգրկված է ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցության» (NATO «RS») կազմում, խաղաղապահ առաքելություն է իրականացնում 121 հայ սպա և զինծառայող: Հայ խաղաղապահները առաքելություն են իրականացնում նաև Լիբանանում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL առաքելության կազմում: Այնտեղ ծառայություն է իրականացնում 32 հայ խաղաղապահ: ՀՀ-ն մասնակցություն ունի նաև ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը, որտեղ այս պահին կա 40 հայ սպա և զինծառայող: Մեկ խաղաղապահ էլ առաքելություն է իրականացնում Մալիում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո MINUSMA առաքելության կազմում: ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին արտերկրից էլեկտրոնային եղանակով կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկատվություն է ստացել, որ ԱԳՆ-ի ցուցակով ներկայացվել է 253 քվեարկող-ընտրող, իսկ ՊՆ-ի ցուցակով` 476 քվեարկող-ընտրող: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց, անկախ սեփականության ձևից, արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները: ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ը։ Դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

Նմանատիպ նյութեր