«Փաստ» թերթը գրում է. «Նախընտրական Հայաստանի հին ավանդույթներից մեկն է հասարակության բոլոր շերտերի խիստ ներգրավվածությունը, ավելի ճիշտ՝ այդ ներգրավվածության իմիտացիան: Բոլորը «խառն են», բոլորը սպասում են ընտրությունների ավարտին, որ տեսնեն, թե ինչ է սպասվում իրենց:
Եվ եթե թեկնածուների դեպքում այդ սպասումը բնական է, ապա անբնական է, թե ինչի են սպասում մնացածները, մարդիկ, որոնք, օրինակ, որևէ կերպ ներգրավված չեն քաղաքական ուժերի կազմում, որևէ կերպ չեն մասնակցում ընտրություններին:
Ընտրությունների ավարտին սպասողներն, ընդ որում, բավական բազմաշերտ են: Մի մասն ունի կոնկրետ ակնկալիքներ արդյունքներից՝ պաշտոնի կամ այլ «բարիքների» տեսքով: Մյուս մասը ունի ընտրական պրոցեսներում ձայներ մոբիլիզացնելու փորձառություն և սպասում է, թե ինչպես է իր արհեստի պտուղները քաղելու այս անգամ:
Բայց ամենամեծ շերտը հասարակությունն է ընդհանրապես, որի սպասումները ընտրություններից ավելին են, քան բնականը:
Հենց այդ պատճառով է, որ շատերն ինչ-որ բան պայմանավորվելիս հղում են անում ընտրություններին՝ «խառն եմ, ապե», «էսա ընտրություններն անցնեն, նոր…», «մի հատ տենանք՝ էս ընտրություններին ինչ ա լինում» և նման կարգի այլ ձևակերպումներով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]