211652_close_icon
views-count1806 դիտում article-date 12:16 07-11-2018

ԱԺ նախագահն առաջարկում է եկամտահարկի նվազեցման շնորհիվ ստացված միջոցների մի մասն ուղղել բժշկական ապահովագրության ստեղծմանը

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկում է եկամտահարկի 5 տոկոս իջեցման դեպքում ստացված միջոցների մի մասն ուղղել բազային բժշկական ապահովագրության ստեղծմանն ու եկամտահարկ վճարողների առողջության պահպանմանը: «[url=https://armenpress.am/arm/news/953592.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` Բաբլոյանը նման առաջարկ արեց ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: «Վարչապետն ասել է, որ նախատեսվում է եկամտահարկի իջեցում: Մենք պետական բյուջեով կարողացել ենք սոցիալապես անապահով մարդկանց ապահովել բժշկական ծառայություններով: Սակայն, փաստորեն, աշխատողները, ովքեր ստեղծում են բյուջեն և հնարավորությունները մյուսների համար, մնացել են առանց անվճար բժշկական ծառայություների և արտոնությունների: Չե՞ք կարծում, որ 5 տոկոս հարկի իջեցման պարագայում դրա երկու տոկոսը կարելի է ուղղորդել բազային բժշկական ապահովագրության, առողջության ապահովագրության ստեղծմանը: Մեզ համար միշտ դժվար է եղել գտնել ազատ ռեսուրսներ դրա համար, հիմա հետաքրքիր հնարավորություն են ստեղծվել, որ առաջացած գումարները տրամադրենք այդ ուղղությամբ»,-ասաց Բաբլոյանը: ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ քննարկման հարց է, թե որ խմբին պետք է հատկացվի նման հնարավորություն: Նա տեղին չհամարեց, ասաց, թե դա ոչ մի երկրում չի կիրառվել և հնարավոր չէ: «Պետք է որոշել, թե այլ հավասար պայմաններում, երբ եկամուտները համալրվեին պետական բյուջեով, այլ ոչ թե եկամտահարկի դրույքաչափի իջեցման հաշվին, մենք այդ միջոցներն արդյոք կուղղեի՞նք հենց այդ խմբին անվճար բժշկական ծառայություններ մատուցելուն: Մենք դեռ չունենք այնպիսի վիճակ, որ համարենք, որ մնացած սոցիալական խմբերի համար բավարար չափով լուծված են այդ հարցերը և թիրախ վերցնենք բարձր աշխատավարձ ստացողներին»,-պատասխանեց Ջանջուղազյանը: Նա նկատեց, որ ավելի ճիշտ է հավաքել առավելագույն հարկերը, հետո որոշում կայացնել, թե հանրության որ խմբին պետք է նման հնարավորություն տալ:

Նմանատիպ նյութեր