211652_close_icon
views-count4327 դիտում article-date 14:56 04-11-2018

Մեկնարկել է «Յուրի Հայրապետյան-85» միջազգային երաժշտական փառատոնը՝ նվիրված հանրահայտ դաշնակահար և մանկավարժ Յուրի Հայրապետյանին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ նոյեմբերի 3-7-ը կանցկացվի «Յուրի Հայրապետյան-85» միջազգային երաժշտական փառատոնը՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, հանրահայտ դաշնակահար և մանկավարժ Յուրի Հայրապետյանին։ «Յուրի Հայրապետյան-85» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել է «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան։ Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա նոյեմբերի 3-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և արտերկրից ժամանած երաժիշտ-կատարողների մասնակցությամբ: Նոյեմբերի 4-ին, ժամը 16:00-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունում կկայանա երաժշտական սեմինար՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Հայրապետյանի կատարողական և մանկավարժական գործունեությանը: Սեմինարի ղեկավար՝ արվեստագիտության դոկտոր Իրինա Զոլոտովա: Նոյեմբերի 4-ին, ժամը 20:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կկայանա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյանի մենահամերգը: Նոյեմբերի 5-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, մանկավարժ Յուրի Հայրապետյանի սաների համերգը: Փառատոնի փակման հանդիսավոր համերգը տեղի կունենա նոյեմբերի 6-ին, Ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ թատրոնի նվագախմբի մասնակցությամբ (տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյան): Համերգի հատուկ հյուրն է աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, իսկ ժամը 15:00-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական դպրոցում Յուրի Հայրապետյանը կանցկացնի վարպետության դասեր: Հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստան կժամանեն երաժիշտներ՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Հունաստանից:

Նմանատիպ նյութեր