211652_close_icon
views-count12172 դիտում article-date 20:37 13-08-2016

Կյանքից հեռացել է հայ երաժշտական արվեստի ականավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ Տատյանա Հայրապետյանը

Օգոստոսի 12-ին կյանքից հեռացել է ջութակահար, հայ երաժշտական արվեստի ականավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ, Մովսես Խորենացի մեդալակիր Տատյանա Բագրատի Հայրապետյանը: Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի փայլուն դարաշրջանը կերտած Տատյանա Հայրապետյանը տասնամյակների արգասաբեր գործունեությամբ կրթել և դաստիարակել է մի քանի սերունդ: Թավջութակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Արամ Թալալյանը Տատյանա Հայրապետյանին հիշում է 1977 թվականից, երբ ընդունվել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոց։ «Տատյանա Բագրատովնան ապրում էր դպրոցով, կրթօջախը կարծես իր զավակը լիներ։ Նրա մեջ զգում էիր մայրական վերաբերմունքը ամեն մի աշակերտի նկատմամբ։ Տատյանա Հայրապետյանը մեծ ներդրում ունի ջութակային արվեստի զարգացման գործում։ Դաստիարակել է հսկայական սերունդ, հարյուրավոր երաժիշտներ են նրա դասերն անցել։ Նրբանկատորեն էր մոտենում դպրոցում առկա բոլոր հարցերին՝ շատ գրագետ վարելով դպրոցի աշխատանքները»,- ասում է Արամ Թալալյանը։ Նշենք, որ Տատյանա Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 14-ին, ժամը 18:00-20:00-ն, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1): Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 15-ին, ժամը 11:00-13:00-ն, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը։

Նմանատիպ նյութեր