211652_close_icon

Նախագահի գլխավորած պատվիրակությունը Մինսկում կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպմանը

views-count1688 դիտում article-date 14:45 29-10-2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք, այսօր աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի (Munich Security Conference) Հիմնական խմբի (MSC Core Group) հանդիպմանը: Մյունխենի անվտանգության համաժողովը միջազգային անվտանգության քաղաքականության հարցերի քննարկման ազդեցիկ և ներկայացուցչական հարթակ է: Համաժողովի հիմնական խմբի հանդիպումները սովորաբար կազմակերպվում են աշխարհի տարբեր մայրաքաղաքներում՝ հնարավորություն ընձեռելով բարձրաստիճան մասնակիցներին քննարկել միջազգային անվտանգության քաղաքականության կարևորագույն հարցերը: Ավանդաբար հիմնական խմբի ուշադրության կենտրոնում լինում է հյուրընկալող տարածաշրջանի անվտանգությանքաղաքականությունը: Մինսկում կայանալիք հանդիպմանը մասնակցելու են տարածաշրջանի երկրների կառավարությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության ղեկավար անձինք: Օրակարգային հարցերը վերաբերելու են Արևելք-Արևմուտք փոխհարաբերություններին, տարածաշրջանային հակամարտություններին, Մինսկի գործընթացին, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում տնտեսական իրավիճակին: Այցի շրջանակում նախատեսվում է նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Արմեն Սարգսյանը կհանդիպի նաև Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր