211652_close_icon
views-count12747 դիտում article-date 16:47 24-10-2018

Հայաստանի քրեակատարողական հիմնարկները եղել են ամենախոշոր բիզնեսներից, գործել է մաֆիոզ համակարգ. Նիկոլ Փաշինյանն ուշագրավ մանրամասներ ներկայացրեց

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից ուշագրավ մանրամասներ ներկայացրեց քրեակատարողական հիմնարկներում տիրած իրավիճակի և կատարված փոփոխությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում Փաշինյանը նախ արձանագրեց, որ այսօր քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության խնդիրը լուծված է՝ կապված կալանքի կիրառման պրակտիկայի փոփոխությունների հետ: «Այսինքն, այն խնդիրը, որի մասին մենք տարիներ շարունակ ասում էինք, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալները հերթով են քնում, 6 հոգով են քնում մի մահճակալի վրա, լուծել ենք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: Այնուհետև Փաշինյանը շեշտեց, որ այդ ամենը պատահական չի եղել: «Չմտածեք, թե դա պատահական է այդպես արվել, պատահական չի արվել, այնպես չի եղել, որ ուղղակի իրավական պրոցեդուրաներն էին այդպես պարտադրում: Որպես քրեակատարողական հիմնարկներում ժամանակ անցկացրած մարդ՝ կարող եմ ասել, որ դա հատուկ է արվել: Որ ասում են քրեական էլիտան Հայաստանում իշխանություն է ունեցել, դա դրա հետ է կապված: Բա քնելու տեղ չունենալը փող է, ո՞վ ավելի շատ կմուծվի, որ քնելու տեղ ունենա: Այդ քնելու տեղ ունենալն, այսպես ասած, «լավ տղու բազար է»՝ ո՞վ է իրեն ճիշտ պահում ընտրությունների ժամանակ, ընտրություններից առաջ և հետո, ընդհանրապես ճշտի իշխանությանը ո՞վ է բավարար չափով ծառայել»,- մանրամասնեց նա: ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ քրեակատարողական հիմնարկները եղել են ամենախոշոր բիզնեսներից մեկը: «Եվ դրա իմաստը եղել է շատ պարզ, մարդը քրեակատարողական հիմնարկից ներս մտավ, ինքը կոնվեյերի վրա է դրվում, և ամբողջ համակարգը աշխատում է մինչև նրա դուրս գալը հնարավորինս շատ փող քամել նրանից: Մարդիկ տներ են ծախում, որ քրեակատարողական հիմնարկներում իրենց պարտքերը փակեն: Ինչքան շատ կալանավոր կա, այնքան ավելի շատ մարդուց են իրենք փող հավաքում: Այս վիճակն այսօր էլ կա, բայց արմատախիլ ենք անելու: Այս մաֆիոզ կառույցի մի մասն այսօր ՔԿՀ-ներում շարունակում է պաշտոններ զբաղեցնել: Իսկ ինչո՞ւ մենք բոլորին չենք հանել, շատ պարզ պատճառով՝ նախ ճիշտ չէ թացը չորին խառնել և ամեն ինչը համահարթեցնել, երկրորդն էլ իրենց եթե հանենք, ո՞ւմ ենք բերելու իրենց տեղն աշխատելու 70 հազար դրամով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր