211652_close_icon
views-count4366 դիտում article-date 09:45 06-10-2018

Հրապարակվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: ՀՀ կառավարության 2018թ. ծրագիրն արձանագրում է, որ Հայաստանում կառավարման և վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, երբ հիմք է դրվել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր և կործանարար պրակտիկային։ Կառավարությունն իր ծրագրում կարևորում է իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական և հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրող արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչի համար անհրաժեշտ է համարում Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումների իրականացումը։ Ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումը՝ ընտրողների համար հասկանալի և կանխատեսելի ընտրակարգի, բոլոր օղակներում ընտրական վարչարարության բարելավման, քարոզարշավի ֆինանսավորման վերահսկողության արդյունավետությունն ու թափանցիկությունը բարձրացնելու, ընտրակաշառքի և ընտրողների նկատմամբ ճնշումների բացառման գործուն մեխանիզմների ներդրման, բազմակի քվեարկության դեմ երաշխիքների ավելացման և քվեարկության գործընթացների մատչելիության ապահովման, ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դերակատարների պատշաճ գործունեության երաշխավորման, ընտրական վեճերի գործընթացների հստակեցման և արդյունավետության երաշխավորման միջոցով, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի հանրության շրջանում ընտրությունների ինստիտուտի նկատմամբ վստահության բարձրացմանը, նրա ընկալումներում արդարության վերականգնմանը, և, ի վերջո, ընտրվող իշխանությունների լեգիտիմության բարձրացմանը։

Նմանատիպ նյութեր