Շախմատի օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը ցավալիորեն բաց թողեց հաղթանակը Ադրբեջանի հետ մրցամարտում, տղաները պարտվեցին
Բաթումիում կայացավ շախմատի համաշխարհային օլիմպիադայի 10-րդ տուրը:
Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի ընտրանու հետ` 2:2:
Ընդ որում, մեր հավաքականը շատ մոտ էր հաղթանակին. երեք խաղատախտակներում գրանցվել էր ոչ-ոքի, իսկ չորրորդ խաղատախտակում սևերով հանդես եկող Աննա Սարգսյանը Խանիմ Բալաջաևայի հետ պարտիայում շահած դիրք ուներ և պարտավոր էր հաղթել, սակայն ցավալիորեն բաց թողեց հաղթանակը՝ մրցակցին թույլ տալով պատային դիրք ստեղծել:
Մեր հավաքականը վաստակում է 16 միավոր ու ընթանում է առաջատարների թվում: Նույնքան միավոր ունի նաև Ուկրաինայի ընտրանին:
Ինչ վերաբերում է տղամարդկանց հավաքականի, ապա Հայաստանը 1,5-2,5 հաշվով պարտվեց ԱՄՆ-ին:
Վճռորոշ դարձավ Հրանտ Մելքումյանի մրցամարտը Սամուել Շանկլանդի հետ, որտեղ հայ գրոսմայստերը սևերով պարտվեց: Դա միակ արդյունավետ պարտիան էր: Մեր մյուս շախմատիստները ոչ-ոքի խաղացին:
Այս պարտությունից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը մնաց 15 միավորով, սակայն գործնականում զրկվեց նույնիսկ մեդալների համար պայքարից:
Հոկտեմբերի 5-ին կկայանա վերջին` 11-րդ տուրը: