211652_close_icon
views-count2359 դիտում article-date 21:43 28-09-2018

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում բարելավվել են ապագա ուսուցիչների կրթական ծրագրերը

ՅՈՒՆԻՍԵՖը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանն այսօր հայտնեցին ապագա ուսուցիչների կրթական ծրագրերում տեղի ունեցած մի շարք բարելավումների մասին «Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում» միջազգային գիտաժողովի շրջանակներում: Գիտաժողովն ազդարարեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ձեռնարկված ՀՊՄՀ և Մինեսոտայի (ԱՄՆ) համալսարանների միջև գործընկերության պաշտոնական ավարտը, ամփոփվեցին իրականացված լայնածավալ աշխատանքի հիմնական արդյունքներն ու թերացումները: Մասնակիցները քննարկեցին ներառական կրթության համակարգի բարեփոխումների հետագա ընթացքն ու տեղական կարիքները: ՀՊՄՀ-ում դասավանդվող երկու բակալավրի և երկու մագիստրոսական ներառական կրթության ծրագրերը վերանայվել են և հարստացվել նորագույն մասնագիտական գրականությամբ՝ համապատասխանեցնելով դրանք միջազգային պահանջներին: Ստեղծվել են չորս ուսուցողական մոդուլներ, ինչպես նաև տեսագրվել է վեբինարների շարք, որոնք առցանց հասանելի կլինեն ՀՊՄՀ-ի կայք-էջում: ՀՊՄՀ-ի և Մինեսոտայի համալսարանի դասախոս-մասնագետների համատեղ ուժերով մշակվել է մանկավարժական ԲՈՒՀ-երի համար նախատեսված ներառական կրթության լայնածավալ դասագիրք, որն անդրադառնում է հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների որակյալ կրթության ապահովմանը: «Կրթական և երեխայի խնամքի ոլորտների բարեփոխումների համատեքստում Հայաստանում առկա է այնպիսի մասնագետների և ուսուցիչների կարիք, որոնք համապատասխան կարողություններ ունեն ժամանակին բացահայտել զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին և ապահովել համապատասխան մասնագիտական միջամտություն: Արձագանքելով այս պահանջներին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախաձեռնեց ՀՊՄՀ և Մինեսոտայի համալսարանների միջև համագործակցություն, որի նպատակն էր՝ վերանայել ապագա ուսուցիչների կրթական ծրագրերը, որպեսզի կարողանանք տրամադրել աշակերտների կարիքներին համախատասխան ուսումնառություն»,- նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: 2016-2018թթ. ընթացքում կազմակերպվել են երկու ուսուցողական այց ԱՄՆ Մինեսոտայի համալսարան, որտեղ ՀՀ կրթության ոլորտի բարձր պաշտոնյաներ, ՀՊՄՀ-ի հատուկ կրթության ֆակուլտետի դասախոսներ փորձի փոխանակման հնարավորություն, ունեցան, այցելեցին ներառական դպրոցներ, մանկապարտեզներ, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ և ծառայություններ տրամադրող ռեսուրս կենտրոններ, լսեցին դասախոսություններ: Այդ ընթացքում ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի մասնագետները Երևանում և Վանաձորում մանկավարժական ԲՈՒՀ-երի 80 դասախոսների և 200 ուսուցիչների համար անցկացրել են վերապատրաստական դասընթացներ, քննարկումներ և դասախոսություններ: Գիտաժողովին ելույթ ունեցան ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Աֆշան Խանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը, ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և Հայաստանում ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրեն Դեբորա Գրեյզերը:

Նմանատիպ նյութեր