«Իսլամական պետության» եկամուտները 10 անգամ նվազել են. ՌԴ ԱԴԾ
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության՝ օպերատիվ տեղեկատվության և միջազգային հարցերով վարչության ղեկավար Սերգեյ Բեսեդայի խոսքով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եկամուտները 2014 թվականից մինչ այսօր 10 անգամ նվազել են։
Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։
«Եթե համեմատենք այն ֆինանսական եկամուտները, որոնք եղել են 2014 թվականին և գնահատվում էին տարեկան մոտ 3 մլրդ դոլար, ապա այսօր ԻՊ գրոհայիններին հաջողվում է ստանալ միայն տարեկան 200-300 մլն դոլար եկամուտ»,-ընդգծել է Բեսեդան։
Վերջինս պարզաբանել է, որ ֆինանսական եկամուտների նվազումը կապված է նրա հետ, որ զգալիորեն պակասել են նավթի արդյունահանումից և հարկերից ստացվող եկամուտները, քանի որ ահաբեկիչներն այլևս չեն վերահսկում նավթային հանքերի զգալի մասը։