Բարեփոխումները չպետք է լինեն հապշտապ, պետք է հանրության հետ երկխոսություն սկսել. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց հայտարարեց, որ ադապտացիոն շրջանը համարում է ավարտված, և արդեն շատ լրջորեն պետք է զբաղվեն բարեփոխումների լայնածավալ գործողություններով, որոնք տնտեսական և քաղաքական զարգացման նոր շունչ, լիցք և ալիք կբերեն Հայաստան:
«Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները: Ընդհանրապես ընդունված է ասել, որ բարեփոխումները, այսպես ասած, ցավոտ գործընթաց են, ես կարծում եմ, որ այս տրամաբանությունից պետք է հրաժարվենք, որովհետև բարեփոխումների մեր ալգորիթմը պետք է լինի ընդարձակ երկխոսությունը հանրության հետ, համաձայնության հաստատումը այս կամ այն բարեփոխումների ուղղությամբ»,- ասաց նա։
Վարչապետը կարծիք հայտնեց, որ եթե բարեփոխումներ իրականացնելու փաստարկներով պետք է ներկայանան հանրությանը: Նա հիշեցրեց, որ նոր կառավարման համակարգ ունեն, որը պատմականորեն կոչվում է ուղիղ ժողովրդավարություն, և այս տրամաբանությունից պետք է բխեն քայլերը:
Նա նշեց, որ մյուս շաբաթվանից կարող են հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ սկսել երկխոսությունը հանրության հետ, և իրենց խնդիրը կլինի առաջարկվող մոդելների վերաբերյալ հանրային աջակցություն, ընկալում ձևավորելը:
«Մենք ընդարձակ բարեփոխումներ պետք է իրականացնենք, դրանք չպետք է լինեն հապշտապ, «ափալ-թափալ», թելադրված, չմտածված, դրանք պետք է ուղիղ և օրգանական կապ ունենան մեր ազգային շահերի, առաջադրված խնդիրների և Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության առաջադրած խնդիրների հետ: Ես կարծում եմ՝ մենք բոլորս այս առումով պետք է ազդարարենք մեր աշխատանքի նոր փուլի մեկնարկը. բոլորիս մաղթում եմ պրոֆեսիոնալիզմ, իմաստություն, խելամտություն և հաջողություն»,-ասաց վարչապետը։