211652_close_icon
views-count2674 դիտում article-date 10:45 28-08-2018

Ներկայիս ղեկավարները չպիտի կառուցեն իրենց քաղաքական օրակարգն ատելության վրա․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Առավոտում» հրապարակած ՀՀԿ խմբակցության անդամ 4 պատգամավորների նամակը սպասելի ռեակցիա առաջացրեց: Ես, իհարկե, շատ կուզեի, որ դրա շուրջ մեր թերթում բանավեճ ծավալվեր՝ լուրջ, զուսպ, հարգալից: Բայց մեր հասարակական միտքը դեռևս չի հասել այդ մակարդակին՝ ագրեսիվ, հարձակողական ոճն այդ մտքին հատուկ էր թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հատկապես դրանից հետո: Համենայնդեպս, «Առավոտի» ընթերցողները գիտեն, որ «Առավոտի» գործունեության արդեն 24 տարիների ընթացքում մենք բաց էինք և բաց ենք բոլոր կարծիքների համար՝ ՀՅԴ-ի, ՀՀՇ-ի, Կոմկուսի, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ներկա կառավարության կողմնակիցների, «Սասնա ծռերի», անխտիր բոլորի: Բայց հրապարակել հոդվածը` դեռ չի նշանակում դրա հետ համաձայն լինել: Կոնկրետ պատգամավորների նամակում կան կետեր, որոնք ինձ համար ընդունելի են, կան այնպիսիք, որոնց հետ ես համաձայն չեմ, և, վերջապես, կան մտքեր, որոնց հետ կապված որոշակի վերապահումներ ունեմ: Նախ՝ կրկին ուզում եմ «ընդվզել» ամպագորգոռ բառերի դեմ՝ «աղետ», «կործանում» և այլն: Խոսքի մեջ ներմուծվող ավելորդ դրամատիզմն իմ սրտով չի: Կտրականապես համաձայն չեմ այն պնդման հետ, որ կոռուպցիոն բացահայտումները մեր բանակում բացասաբար են ազդում պաշտպանունակության վրա: Ճիշտ հակառակը՝ որքան խիստ պատժվեն բանակը թալանող պաշտոնյաները, այդ թվում՝ բարձաստիճան սպաները, այնքան մեր բանակը կհզորանա: Համաձայն չեմ, երբ ՀՀԿ պատգամավորները պնդում են, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները լարվել են՝ հօգուտ այդ պնդման որևէ փաստ չի նշվում: Դա չի նշանակում, սակայն, որ նման վտանգ չկա. Ռուսաստանն անկանխատեսելի է: Լուրջ խնդիրներ չեմ տեսնում եվրոպական ուղղությամբ՝ հատկապես Մերկելի այցից հետո: Բայց թերևս ժամանակն է, որ բոլոր ուղղություններով և, իհարկե, արցախյան հարցով կառավարությունը հանդես գա հստակ ձևակերպած գաղափարներով, նախաձեռնություններով: Տնտեսական ոլորտում նշանավոր ձեռքբերումներ, այո, առայժմ չունենք, բայց ակնկալել դրանք երեք ամսում, իրատեսական չէ: Ագրեսիվ մթնոլորտի, բաժանարար գծերի, անհանդուժողականության, վիրավորանքների, պիտակավորումների մասին ՀՀԿ պատգամավորների դատողությունները փաստական հիմք ունեն: Բայց ՀՀԿ-ականները պետք է հաշվի առնեն, որ իրենց նկատմամբ հասարակության մեծ մասի ատելությունն ինքնաբուխ է, ուղղորդված չէ՝ ճիշտ այնպիսին է, որը կար ժամանակին ՀՀՇ-ի և Քոչարյանի հանդեպ: Ուրիշ հարց, որ ներկայիս ղեկավարները չպիտի կառուցեն իրենց քաղաքական օրակարգն այդ ատելության վրա: Վաղ թե ուշ խնդիր կառաջանա դրական օրակարգ ձևավորելու»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր