211652_close_icon
views-count3814 դիտում article-date 19:17 24-08-2018

Արցախի պետնախարարն ամփոփել է քաղպաշտպանության մարզումների արդյունքները

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 24-ին տեղի ունեցած քաղաքացիական պաշտպանության մարզումների շրջանակներում հանրապետության ամբողջ տարածքում «Օդային տագնապ» ազդանշանից հետո աշխատանքային շրջայց է կատարել մայրաքաղաքում՝ ծանոթանալու բնակչության պատսպարման գործընթացին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարն արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի և կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի թիվ 5 պետական մանկապարտեզ և հետաքրքրվել երեխաների պատսպարման գործընթացով։ Գ․ Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել ուսումնադաստիարակչական կոլեկտիվին տագնապի ազդանշանին արագ և պատշաճ արձագանքելու համար, ապա այցելել հարակից թաղամասեր և ծանոթացել բնակչության համար նախատեսված թաքստոցների պայմաններին։ «Օդային տագնապի ավարտ» ազդանշանից հետո՝ օրվա երկրորդ կեսին, պետական նախարարը, որ ի պաշտոնե հանդիսանում է հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությունում ամփոփել է մարզումների արդյունքները։ Ուսումնական պլանի համաձայն՝ զեկուցումներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետը, շրջանների վարչակազմերի ղեկավարները և պետական գերատեսչությունների պատասխանատուները՝ ներկայացնելով «Օդային տագնապի» պահին իրականացրած պաշտպանական միջոցառումների գործողությունները։ Բավարար գնահատելով արդյունքները` Գ. Մարտիրոսյանը նշել է, որ քաղաքացիական պաշտպանության մակարդակի շարունակական բարձրացման համար պարբերաբար կկազմակերպվեն նմանօրինակ ուսումնական մարզումներ։ Պետնախարարի խոսքով՝ հաշվի առնելով օբյեկտիվ իրականությունը՝ շատ կարևոր է, որ ազգաբնակչությունը ևս ավելի լուրջ վերաբերվի հանրապետական մակարդակով կազմակերպվող քաղպաշտպանության միջոցառումներին։

Նմանատիպ նյութեր