211652_close_icon
views-count2784 դիտում article-date 20:41 06-08-2018

Խստագույն հսկողություն կսահմանվի «Սանիթեք»-ի աշխատանքի նկատմամբ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, զեկուցվել է, որ չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված նախորդ շաբաթ կազմվել է 7 վարչական արձանագրություն: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Պատասխանատուներին հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ շարունակել խիստ հսկողությունը մասնավորապես շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ՝ օրինախախտներին ենթարկելով վարչական պատասխանատվության: Բացի այդ, հանձնարարվել է շարունակել շինարարական ընկերություններին և շինաղբ տեղափոխող ավտոմեքենաների վարորդներին իրազեկել մայրաքաղաքում գործող շինարարական աղբի համար նախատեսված աղբավայրի մասին՝ նրանց ուղղորդելով Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասին հարող նախկին բազալտի հանքավայրի տարածքում ստեղծված և բացառապես շինարարական աղբը թափելու համար նախատեսված աղբավայր: Վերջին շրջանում «Սանիթեք» ընկերության աշխատանքը գնահատելով խիստ անբավարար, իսկ աղբահանության գործընթացի կարգավորումը անհետաձգելի, Կամո Արեյանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստագույն հսկողություն սահմանել «Սանիթեք» ընկերության աշխատանքի նկատմամբ՝ բացառելով մայրաքաղաքում աղբի կուտակումները:

Նմանատիպ նյութեր