ՀՀ նախկին նախագահի և ՀԱՊԿ ղեկավարի դեմ քրգործերը կարող են հանգեցնել լուրջ հետևանքների. Rusarminfo
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, համաձայն որի Ռուսաստանը մտահոգված է Հայաստանում իրադարձությունների առնչությամբ, տարբեր քննարկումներ են առաջացրել Հայաստանի և Ռուսաստանի փորձագիտական համայնքներում, գրում է [url=https://rusarminfo.ru/2018/08/01/rossiya-pust-pomogaet-no-armeniya-budet-vesti-sobstvennuyu-politiku-evseev/]rusarminfo.ru[/url]-ն:
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը կարծում է, որ Հայաստանում նախկին նախագահի և ՀԱՊԿ ղեկավարի դեմ հարուցված քրեական գործերը հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման, Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարգավիճակի փոփոխության և ՆԱՏՕ-ի զորավարժություններին հայ խաղաղապահների մասնակցության հարցերի հանրային քննարկումների ֆոնին կարող են հայ-ռուսական հարաբերություններում հանգեցնել լուրջ հետևանքների:
«Ստացվում է, որ երբ խնդիր է առաջանում՝ Ռուսաստանն օգնում է, այդ թվում և գրեթե անվճար զենքի մատակարարումներով:
Այսինքն՝ ստացվում է, որ Ռուսաստանն օգնում է, իսկ դուք ասում եք՝ «մեզ օգնեք, բայց մենք մեզ կպահենք այնպես, ինչպես անհրաժեշտ ենք համարում կոմպլեմենտարության քաղաքականության շրջանակներում»: Դա դաշնակցային հարաբերություն չէ»,- ասել է Վլադիմիր Եվսեևը լրատվամիջոցի հետ զրույցում:
Ռուս փորձագետի կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանում լուրջ թերըմբռնում են առաջացնում, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանի ղեկավարության ձեռնարկած քայլերը ստվեր են գցում եվրասիական տնտեսական միավորումների, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի գործունեության վրա: