211652_close_icon
views-count3408 դիտում article-date 17:39 19-07-2018

Հայաստանի և Իրանի ԱԳՆ-ների միջև տեղի ունեցավ հյուպատոսական 12-րդ համատեղ նիստը

Թեհրանում հուլիսի 17-18-ին կայացավ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հյուպատոսական տասներկուերորդ համատեղ նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ պատվիրակության կազմում էին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը (պատվիրակության ղեկավար), ՀՀ արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետ Արմենուհի Հարությունյանը, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոս Գարիկ Գրիգորյանը: Իրանի պատվիրակության կազմում, որը գլխավորում էր Հյուպատոսական գլխավոր վարչության պետ Ալի Չեգինին, ընդգրկված էին ԻԻՀ ԱԳՆ նախարարության տարբեր ստորաբաժանումների փորձագետներ, ԻԻՀ նախագահի աշխատակազմի, արդարադատության նախարարության, ոստիկանության, Ինտերպոլի ԱԿԲ-ի, քաղաքացիական ակտերի գրանցման կազմակերպության ներկայացուցիչներ: Հայկական պատվիրակությանը ընդունեց ԻԻՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Հոսեյն Փանահի Ազարը: Հայաստանի և Իրանի պատվիրակությունները քննարկեցին 2017թ. փետրվարին Երևանում կայացած տասնմեկերորդ համատեղ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ընդգծեցին հյուպատոսական, իրավական, մաքսային և այլ բնագավառներում համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման անհրաժեշտությունը: Նիստի ավարտին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը և ԻԻՀ հյուպատոսական գլխավոր վարչության պետ Ալի Չեգինին ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր: Կողմերը պայմանավորվեցին հաջորդ համատեղ նիստն անցկացնել 2019թ. Երևանում:

Նմանատիպ նյութեր