Արփինե Հովհաննիսյանը զավեշտալի է համարում Ադրբեջանի՝ մշակութային ժառանգությունը «չոչնչացնելու» հայտարարությունները
ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ադրբեջանական իշխանությունների որոշ հայտարարությունների մասին՝ դրանք որակելով զավեշտալի։
Ա. Հովհաննիսյանը, մասնավորապես, գրել է. «ԵԽԽՎ ամառային նստաշրջանի վերջին օրը քննարկվեց «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը և ապօրինի թրաֆիքինգ» թեմայով զեկույցը։ Որքան էլ զավեշտալի հնչի, ադրբեջանցի գործընկերները Հայաստանի նոր իշխանություններին կոչ էին անում չկրկնել նախկին իշխանության «սխալները» և «չոչնչացնել» մշակութային ժառանգությունը «գրավյալ» տարածքներում։ Թեմայի շուրջ ելույթ ենք ունեցել ես և Նաիրա Զոհրաբյանը՝ վեհաժողովին ներկայացնելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված գործողությունները»։