211652_close_icon
views-count3560 դիտում article-date 11:36 19-06-2018

Եթե լինեն «բացառություններ», ապա մենք կշարունակենք ապրել «հին Հայաստանում»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ֆիզիկական օրենքները չեզոք են բոլոր տեսակի բարոյական, քաղաքական, «տղայական» և կենցաղային գնահատականների հանդեպ: Ձգողականության ուժը նույն ձևով գործում է Երևանում և Գլենդելում, ազդում է լավ և վատ մարդկանց, հարուստների և աղքատների, չարագործների և բարեգործների վրա: Մոտավորապես նույն ձևով ես պատկերացնում եմ պետության օրենքները: Եթե, օրինակ, ապօրինի զենք պահելը դատապարտելի է գեներալ Մանվելի դեպքում, ապա դա նույնքան դատապարտելի է ՊՊԾ գնդի վրա հարձակվողների, ինչպես նաև Դոն Պիպոյի, Ծառուկյանի, Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների ու ցանկացած այլ քաղաքացու պարագայում: Լավ մարդ-վատ մարդ, ազգի նվիրյալ-ազգի տականք, մարդակեր-մարդասեր, ապստամբ-ոչ ապստամբ, «ինչ անըմ ենք, ազգի հմար ենք անըմ» տիպի արտահայտություններն ու դատողությունները թեև կարող են հետաքրքրական թվալ, բայց չեն կարող ազդել օրենքի կիրառման վրա: Եթե լինի այդ գիտակցությունը, ապա մենք իսկապես կապրենք «նոր Հայաստանում»: Եթե լինեն ինչ-ինչ պատճառներով պայմանավորված «բացառություններ», ապա մենք կշարունակենք ապրել «հին Հայաստանում», որտեղ կլինի անպատժելիների «կաստա», որի ամենավառ ներկայացուցիչն է Մանվել Գրիգորյանը: Կադրերը և տեղեկությունները, որոնք տարածել է ԱԱԾ-ն, շոկային են, բայց մի կողմ դնելով արդարացի ցասումը՝ պետք է հասկանալ, թե ինչպես է այդ անձը հասել նման պաթոլոգիկ վիճակի, որովհետև այդ տեսակի ագահությունը, սրբություններ ու բարոյական արգելքներ չունենալը չի կարող լինել «ի ծնե», դա տասնամյակների ընթացքում «ազգի հմար» ինչ-որ բաներ անողների համար «բացառություններ» անելու հետևանք է: Ինչպե՞ս եղավ, որ դեռևս պատերազմի ժամանակ ՀՀՇ-ն հայտարարեց, որ ունի ռազմականացված թև, կարո՞ղ է արդյոք կուսակցությունը ռազմականացված թև ունենալ: Ինչպե՞ս եղավ, որ 1994 թվականից սկսած երկրապահներին թույլատրվեց ամեն ինչ, այդ թվում՝ մարդկանց ծեծել ու ստորացնել, տրվեցին «բիզնեսներ», որոնք նրանք վարում էին ամենևին ոչ բիզնես-օրենքներով: Ինչպե՞ս եղավ, որ երկրապահները ակտիվ մասնակցություն ունեցան 1996 թվականի ընտրությունների ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած բռնություններին: Ինչպե՞ս եղավ, որ հոկտեմբերի 27-ից հետո բոլորը սպասում էին ընդդեմ Քոչարյանի երկրապահների հայտարարությանը, իսկ այնուհետև Մանվել Գրիգորյանը դարձավ պաշտպանության փոխնախարար: Ինչպե՞ս պատահեց, որ 2008 թվականին ընդդիմադիր զանգվածը «Ման-վել, Ման-վել» էր վանկարկում՝ հույս ունենալով, որ ամենազոր գեներալը կանցնի ընդդիմության կողմը: Վերջապես, ինչպե՞ս պատահեց, որ Էջմիածնում համընդհանուր ատելության արժանացած մարդը դարձել է Ազգային ժողովի պատգամավոր: Այդ աստիճանի անպատժելի կրիմինալը հենց այնպես չի ծնվում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր