211652_close_icon
views-count6285 դիտում article-date 23:48 06-06-2018

ՀՀ դատախազության ուսումնասիրությամբ պետական գնումների կազմակերպման գործընթացում խախտումներ են արձանագրվել. հարուցվել է քրգործ

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից 26.09.17 թվականին կազմակերպած 2016-2017թթ. ՀՀ հանրային մարմինների և կազմակերպությունների կողմից իրականացված գնումների մոնիտորինգի արդյունքների ներկայացման վերաբերյալ միջոցառման շրջանակներում, որին հրավիրված են եղել նաև ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները, քննարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հայտի ապահովման միջոցների գանձման գործընթացում հնարավոր խախտումների վերաբերյալ հարցեր: «Գնումների մասին» 2010թ. դեկտեմբերի 22-ի ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանվել է, որ մասնակիցը հայտով` հրավերով սահմանված կարգով ներկայացնում է հայտի ապահովում: Հայտի ապահովումը` տուժանքը, վճարում է մասնակիցը, եթե թույլ է տվել օրենքում նկարագրված մի շարք խախտումներ: Շրջանակային համաձայնագրերի կնքման դեպքում հայտի ապահովման չափը հավասար է գնումների բազային միավորին՝ 1.000.000 դրամ: Բարձրացված խնդրի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ. նոյեմբերի 30-ին լուծարվել է: Պարզվել է նաև, որ 2011-2017 թվականներին բազմաթիվ դեպքերում ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի կայացրած որոշումներով տնտեսվարող սուբյեկտների համար հաստատվել են այնպիսի խախտումներ, որոնց դեպքում առաջանում է հայտի ապահովման վճարներ մուծելու պարտավորությունը: Մինչդեռ ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձինք, ունենալով հայտի ապահովման միջոցների վճարումն ապահովելու պարտականություն, չկատարելով իրենց ծառայողական պարտականությունները, միջոցներ չեն ձեռնարկել տնտեսվարող սուբյեկտներից համապատասխան գումարները գանձելու ուղղությամբ: Արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ: Ներկայումս աշխատանքներ են տարվում խախտման բոլոր դեպքերի և վնասի կոնկրետ չափի ճշգրտման ուղղությամբ: Մայիսի 5-ի դրությամբ արդեն իսկ հաստատվել է շուրջ 174 միլիոն դրամի վնասի առկայությունը, որը վերջնական հաշվարկների արդյունքում կարող է ավելանալ: Դատախազության կողմից խնդիրը վերհանելուց հետո ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն իսկ դատարան հայցեր է ներկայացրել հայտի ապահովման միջոցների գանձման վերաբերյալ: Նկատի ունենալով, որ նկարագրված իրավիճակում առկա են պաշտոնական լիազորությունների չարաշահման հանցագործության առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Նմանատիպ նյութեր