211652_close_icon
views-count6905 դիտում article-date 15:52 05-06-2018

Որևէ մեկը աշխատանքից չի ազատվի կուսակցական պատկանելության համար. Արայիկ Հարությունյան

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ Հանրապետական կուսակցության անդամ որևէ ուսուցիչ աշխատանքից չի ազատվելու կուսակցական պատկանելության համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ կուսակցական պատկանելությունը սահմանադրական իրավունք է, և որևէ մեկը չի կարող նման քայլի դիմել, եթե անձն օրենքով պատժելի արարք թույլ չի տվել: «Ասեմ ավելին՝ ես հիմա շատ լուրջ քննարկում եմ կրթության և գիտության նախարարի երրորդ տեղակալի պաշտոնում նշանակել մի մարդու, ով Հանրապետական կուսակցության անդամ է»,- նշեց նախարարը: Նա շեշտեց, որ այս հարցում որևէ խնդիր չունի, քանի որ լավ գիտի, որ նախկինում մարդիկ շատ հաճախ ստիպված են եղել համակարգում աշխատելու համար կուսակցականացվել: «Կուսակցական պատկանելությունը որևէ կապ չպետք է ունենա: Եթե մարդը ցանկանում է լինել որևէ կուսակցության անդամ, ապա ինքը կարող է լինել այդ կուսակցության անդամ, իհարկե, իր աշխատանքից դուրս: Որևէ մեկը քաղաքականությունը դպրոցներ չպետք է բերի, որովհետև մենք գիտենք, թե դա ինչ վատ հետևանքներ է ունենում դպրոցների համար»,- եզրափակեց Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր