Էլթոն Ջոնը Հայաստանի մասին գրառում է կատարել Instagram-ում
Բրիտանացի աշխարհահռչակ երգիչ, երաժիշտ Էլթոն Ջոնը Instagram-ի իր [url=https://www.instagram.com/p/BjSu3bwHubK/?taken-by=eltonjohn]էջում [/url]գրառում է կատարել Հայաստան կատարած իր այցի մասին:
«Մեկ չկամեցողն անգամ չի կարող վերջ տալ այն ամբողջ սիրուն, որը մենք այսօր զգացինք Հայաստանում»,- գրել է երգիչը:
Նա գրառմանը կից հայկական եռագույնով սիրտ պատկերող լուսանկար է տեղադրել:
Բացի այդ, երաժիշտը մեկ այլ [url=https://www.instagram.com/p/BjUa72WHseu/?taken-by=eltonjohn]լուսանկար [/url]է տեղադրել, որում ինքն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն են, իսկ կից գրառել է. «Պատիվ է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ջերմորեն ընդունվելը։ Այս գեղեցիկ երկրում բազմաթիվ հուզիչ ու ոգևորիչ փոփոխություններ են տեղի ունենում։ Շնորհակալություն բոլորին, որ Դավիթին ու ինձ ստիպեցիք զգալ այդ ջերմ ընդունելությունը»։
Մայիսի 26-ին Հայաստան է ժամանել բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնը։ Նա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Starkey Hearing Technologies հիմնադրամի տնօրեն Ուիլյամ Օսթինի հետ մայիսի 27-ին «Երևան՝ իմ սեր» հիմնադրամում մասնակցել է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը: Բարեգործական ակցիայի շրջանակներում «Երևան՝ իմ սեր» հիմնադրամի «Հայկ եւ Էլզա Թիթիզյան» մանկական վերականգնողական կենտրոնում Հայաստանի տարբեր մարզերից եւ Արցախից լսողության հետ կապված խնդիրներ ունեցող տարբեր տարիքի երեխաների նվիրաբերվել են 100 լսողական սարքեր: Եռօրյա բարեգործական ակցիայի ընթացքում Starkey Hearing Technologies հիմնադրամը ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին կնվիրաբերի 2500 լսողական սարքեր:
Էլթոն Ջոնը հյուրընկալվել է նաև ՀՀ նախագահական նստավայրում, ինչպես նաև ընթրիք է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: