3570 դիտում
21:00 25-05-2018
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետություն – 100» խորագրով միջազգային գիտաժողովը
Սույն թվականի մայիսի 25-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում մեկնարկեց «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ – 100» խորագրով միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովը բացեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Իր ելույթում նա մասնավորապես ասաց. «1918թ-ի մայիսին Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի շնորհիվ հնարավոր եղավ խափանել հայ ժողովրդի վերջնական բնաջնջման թուրքական ծրագիրը և կյանքի կոչել Հայաստանի Հանրապետությանը: Հայաստանի առաջին Հանրապետությունը ծնվեց ծանր պայմաններում` 12 հազար քառակուսի կիլոմետրի վրա, որը, սակայն, ասիճանաբար ամրապնդվեց և ընդարձակվեց: …
Պետականության մոտ երկուսուկես տարվա ընթացքում հայ ժողովուրդն ունեցավ լուրջ առաջընթաց: Երկարատև ընդմիջումից հետո վերականգնվեց հայոց պետականությունը, սկսվեց հայրենադարձություն, ստեղծվեցին իշխանության մարմիններ, բավականին ուժեղ բանակ, հաստատվեց ժամանակի համար կառավարման ժողովրդավարական համակարգ, մարդկանց մեջ ամրապնդվեց պետականության գիտակցությունն ու զգացողությունը: Թեև ընկավ Հանրապետությունը, սակայն նրա գոյությունն անհետևանք չմնաց: Նրա հիմքի վրա բոլշևիկները պարտավորված ստեղծեցին նոր հանրապետություն` խորհրդային Հայաստանը, որի շուրջ 70-ամյա պատմության ընթացքում հայ ժողովուրդն ապրեց տնտեսական ու մշակութային մեծ վերելք: Փաստորեն, առաջին Հանարապետության հենքի վրա, թեև վարչաքաղաքական միանգամայն այլ համակարգի պայմաններում ստեղծված խորհրդային Հայաստանն էլ հող նախապատրաստեց երրորդ անկախ Հանարպետության ձևավորման համար»,- իր ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: «Մեկ քառամյակ առաջ հայ ժողովուրդը երկարամյա ընդմիջումից հետո վերականգնեց իր պետականությունը, և այսօր արդեն մեր պատմական հայրենիքի մի անկյունում հայ ժողովուրդը շարունակում է ցույց տալ, որ կենսունակ է և հետագայում էլ պետք է շարունակի իր ընդլայնումը: Աշխարհասփյուռ հայության` դեպի Հայաստան ներգաղթի ապահովումը մեզ համար պետք է դառնա առաջին քայլերից մեկը: Եվ մեր նորաստեղծ կառավարությունն այս կապակցությամբ պետք է գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի հայոց պետականությունը դառնա աշխարհասփյուռ հայության համար նոր ապագա կերտելու կարևոր հանգրվան: Սիրելի հայրենակիցներ, հայոց պետականության համար այս կարևոր փուլում շատ բարձր ենք գնահատում Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված այս միջոցառումը և, կարևորելով Սփյուք-Արցախ-Հայաստան եռամիասնությունը, սիրով ուզում եմ մեր կառավարության անունից հայտնել, որ այսուհետ էլ մեր քայլերը պետք է միտված լինեն աշխարհասփյուռ հայության դեպի Հայաստան ներգրավմանը: Շնորհավորում եմ բոլորիս»,- իր ելույթում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ընթերցեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ուղերձը: «1918թ-ին նոր էջ բացվեց հայ ժողովրդի պատմության մեջ: Այն մեծ խորհուրդ ունի: Տալիս է բազմաթիվ հարցերի պատասխաններ, հանդիսանում է ոգեշնչման ու հպարտության առիթ: Միևնույն ժամանակ, այն պատգամ է հետագա սերունդներին` լինել միշտ միասնական ամենածանր պահերին, ամուր պահել հավատը սեփական ուժերի հանդեպ, գերագույն արժեք համարել հայրենիքին անմնացորդ նվիրումն ու ծառայությունը: Հենց նման արժեհամակարգը հնարավորություն տվեց ցեղասպանության ենթարկված մեր ժողովրդին տեր կանգնել իր ճակատագրին…»,- մասնավորապես նշված է Բակո Սահակյանի ուղերձում:
ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ուղերձը ներկայացրեց ՀՀ Սփյուռքի նախարարության Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Արշակյանը: «…Առաջին Հանրապետության տարիներին զգալիորեն ամրապնդվեց պետականության գիտակցությունն ու գաղափարը, որը հնարավոր դարձրեց հաղթահարել խորհրդային իշխանության հաստատման առաջին շրջանում ստեղծված դժվարությունները, ապահովել կրթամշակութային ու հասարակական մեծ առաջընթաց և հող նախապատրաստել 1991 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնման համար: Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի անկախության հռչակումը շրջադարձային եղավ համայն հայության քաղաքական և հոգևոր-մշակութային կյանքում` ամրագրելով հայության` սեփական ճակատագրին ու երկրին տեր կանգնելու նպատակը»,- մասնավորապես նշված է ՀՀ Սփյուռքի նախարարի ուղերձում:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի ողջույնի ուղերձը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: «Մեծի Տան Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն հայրապետական օրհնութեամբ, քրիստոնէական ջերմ սիրով ու ազգային վառ ապրումներով կողջունենք ձեզ: Հաւաքուած էք` լուսարձակի տակ բերելու ու վերաարժեւորելու Մայիս 28, 1918-ին հռչակուած Հայաստանի առաջին Հանարապետութիւնը իր ներքին ու արտաքին տարածքներով ու յարակից դէպքերով, զարգացումներով… Ներկայ ամեակը ազգային հպարտութեան ու ցնծութեան առիթ է: Սակայն կը հավատանք, որ միաժամանակ ան մեզի ուղղուած մարտահրաւէր մըն է` 100-ամեակի համազգային նշումէն անդին նայելու, ոգիով ու նպատակասլաց մօտեցումով, մեր ժողովրդի ներկային ու ներկայի իրագործումներով կերտուելու կոչուած ապագային… »:
«… Պատմական փաստերը երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ կարող էր այդ հանրապետությունը չստեղծվել, բայց մեր ժողովրդի, նրա քաղաքական ուժերի, կամքի շնորհիվ էր, որ ստեղծվեց այդ հանրապետությունը և ունեցավ վիթխարի դեր մեր հետագա պետականության կերտման համար», - իր ելույթում մասնավորապես ասաց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների ակադեմկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:
ԵՊՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանն էլ նշեց, որ առաջին Հանարապետության պատմության դասերը պետք է լավ ընկալել, որովհետև հայրենի երկրում ապրող հայ ժողովուրդը միշտ գտնվել է ու այսօր էլ գտնվում է աշխարհաքաղաքական բարդ ու վտանգավոր տարածքում, մի բան որ Հայաստանի Հանրապետության իշխանություններին և քաղաքական ուժերին և այն ժամանակ պարտադրում էր, այսօր էլ պարտադրում է վարել այդ իրողությունից բխող բազմակողմանի հիմնավորված ներքին և արտաքին քաղաքականություն: «…Հայ ազգային գաղափարի և նրանով ձևավորված նպատակների լայն քարոզչությունը ազգային, քաղաքական ու հասարակական կազմակերպությունների, գիտության, կրթության, գրականության, մշակույթի բնագավառների գործիչները, և իհարկե, մենք` հայ պատմաբաններս, պիտի դիտենք որպես մեր առաջնահերթ խնդիրը: Մեր նոր սերնդին մենք սա պետք է ներշնչենք մշտապես, դարձնենք նրա միսն ու արյունը: Այդ իսկ պատճառով շատ եմ կարևորում այս գիտաժողովը»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Թբիլիսիի պետական համալսարանի անկախ գիտահետազոտական միավորի Իվ. Ջավախիշվիլու անվան պատմության և ազգագրության ինստիտուտի տնօրեն պատմական գիտությունների դոկտոր Գիորգի Ճեիշվիլին իր ողջույնի ելույթում մասնավորապես նշեց. «1918թ-ին Հարավային Կովկասում երեք անկախ պետություն ձևավորվեց: Մեկը մյուսի հետևից մայիսի 26-ին և 28-ին Թբիլիսիում վրացիները, հայերը և ադրբեջանցիները քվեարկեցին իրենց ազատության համար: Դա պատմական ընտրություն էր, որից մենք այսօր օգտվում ենք: Դա նաև խորհրդանշական էր իր զուգադիպությամբ ժամանակի և տարածության մեջ: Առաջին դեմոկրատական հանրապետույունները կարճատև էին, բայց դրանց հսկայական նշանակությունը մեր ազգերի պատմության մեջ մեծ է: Վրաստանի և Հայաստանի անկախ հանրապետությունների վերակառուցման գործընթացը նոր ժամանակակից աշխարհում բավականին հաջող փորձ էր: Վրաց և հայ ժողովուրդները ցույց տվեցին պետական և քաղաքական գիտակցության բարձր մակարդակ»:
Պլենար զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանը և ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը: Այնուհետև երկու օրերի ընթացքում շուրջ 70 զեկուցումներով հանդես կգան Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի գիտնականները:
Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մայիսի 26-ին ԵՊՀ-ի գիտական խորհրդի նիստերի դահլիճում, որտեղ տեղի կունենա Երվանդ Փամբուկյանի կազմած «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՆԱՄԱԿԱՆԻՆ» փաստաթղթերի և նյութերի ժողովածուի շնորհանդեսը։
Գիտաժողովի կազմակերպիչներն են` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ Սփյուռքի նախարարությունը և Երևանի պետական համալսարանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1756 դիտում
18:01 01-11-2019
ԵՊՀ-ում մեկնարկել է «Չինաստան-Եվրասիա» խորագրով ամենամյա միջազգային գիտաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
946 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
874 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
931 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին