Տիկնիկներ, զարդեր, նկարներ… Ստեղծագործում են ՀՀ ԱԻՆ աշխատակիցները. ֆՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԱԻՆ թանգարանում կայացավ համակարգի շնորհալի աշխատակիցների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Աշխատանքային ու ծառայողական պարտականություններից զատ՝ նախարարության շատ աշխատակիցներ ժամանակ են գտնում նաև արվեստի տարբեր ոճերում դրսևորվելու համար:
Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին ընդառաջ՝ ՀՀ ԱԻ նախարարության աշխատողների արհեստակցական կազմակերպության նախաձեռնությամբ յուրատեսակ միջոցառում էր կազմակերպվել, որին ներգրավված էին Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ու Փրկարար ծառայության բազմաշնորհ աշխատակիցները:
Սրահում ցուցադրված հայկական բնապատկերների կողքին ներկայացված էին նաև շյուղագործ ժանյակներ, տիկնիկներ, հուլունքագործության յուրօրինակ նմուշներ և ասեղնագործ անձեռոցիկներ:
ՀՀ ԱԻ նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչները և համակարգի աշխատակիցները շրջեցին ցուցասրահներում, ծանոթացան ներկայացված աշխատանքներին, ինչպես նաև՝ լսեցին ձեռարվեստով զբաղվող գործընկերների աշխատանքների ստեղծման պատմություններն ու գաղտնիքները:
Արհկոմի նախագահ Լյուդմիլա Մելիքյանը նշեց, որ նման միջոցառումներն ավանդական են դառնալու և հույս հայտնեց, որ հետագայում ցուցահանդեսների մասնակիցների թիվը կավելանա՝ բացահայտելով տաղանդավոր նոր անուններ:
Ցուցահանդեսի մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով: