37603 դիտում
10:18 23-05-2018
Փոփոխություն՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ
2018 թվականի մայիսի 23-ից ՀՀ ոստիկանությունը փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մասնավորապես, մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից: Ընդ որում՝ վարչական պատասխանատվությունից ազատելու մասին իրազեկումը, ինչպես տուգանքների որոշումների պարագայում, տեղադրվելու է ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքի համապատասխան բաժնում: Այդ զանցանքներն են.
- տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հոծ գծի կամ բաժանարար գոտու կամ երթևեկելի մասի հակառակ կողմի եզրի կամ որևէ արգելքի միջև տարածությունը 3 մ պակաս է /ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/,
- տրանսպորտային միջոցը կանգնեցվել է երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից 5 մետրից պակաս վայրում / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/,
- տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հատվող երթևեկելի մասի եզրից տարածությունը 5 մետրից պակաս է / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/,
- տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի կամ այդ կետեի կամ տաքսիների կայանման տեղերի ցուցիչներից տարածությունը 15 մետրից պակաս է / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/,
- տրանսպորտային միջոցը կանգնեցվել է երթևեկելի մասի տեղային լայնացումում՝ եզրին ոչ զուգահեռ, որտեղ նման կերպ կանգառ կատարելը գծանշմամբ կամ ճանապարհային նշանով թույլատրված չէ / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/,
- գիշերային ժամերին (23:00-ից հետո) տրանսպորտային միջոցը կանգնեցվել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետում /ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդված 25 մաս/,
- տրանսպորտային միջոցը համընթաց հոսքերը բաժանող հոծ գծանշումը հատել է ոչ բոլոր (4) անիվներով / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 1-ին մաս/,
- տրանսպորտային միջոցը խաչմերուկներն անցնելիս և խաչմերուկում շրջադարձ կատարելիս հատել է գծանշումները /կղզյակներ, հոծ գծեր, կոյուղակ-ներ և այլն / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 1-ին մաս/:
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչների կողմից նույնպես մի շարք իրավախախտումներ հայտնաբերելու դեպքերում պարտադիր կիրառվելու է «բանավոր դիտողություն» ներգործության միջոցը, իսկ այլ՝ ոչ կոպիտ իրավախախտումների դեպքերում նշված ներգոր-ծության միջոցի կիրառումն ոստիկանության ծառայողներին խրախուսվելու է: Այդ զանցանքներն են.
- տրանսպորտային միջոցի վարորդը այն վարելու ընթացքում ծխել է (բացառությամբ հասարակական տրասպորտում) /ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 135.2 հոդվածի 1-ին մաս/,
- տրանսպորտային միջոցի վարորդը այն վարել է ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրասպորտային միջոցի՝ օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 123.4 հոդվածի 2-րդ մաս/,
- տրանսպորտային միջոցի վարորդը երթևեկության գոտիները փոփոխելիս կամ մանևր կատարելիս չի օգտվել լուսային թարթիչներից / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 12-րդ մաս/:
Բացի այդ, ՀՀ տարածքի բնակավայրերի՝ 60կմ/ժ-ից ցածր արագությամբ ռեժիմի վայրերում լուսանկարահանող-արագաչափ սարքերի գործադրումը դադարեցվելու է, իսկ չկառավարվող հետիոտնային անցումների պարագայում՝ երթևեկությունը դրանցում կազմակերպվելու է արհեստական խոչընդոտներով /թմբեր/:
ՀՀ ոստիկանությունը լիահույս է, որ վարչական պատասխանատվության ոլորտում քաղաքականության փոփոխությունը կբարձրացնի մեր վարորդների պատասխանատվությունն ու օրինավորության մակարդակը, ինչի արդյունքում Ճանապարհային ոստիկանությունն այլևս հարկադրված չի լինի կրկին ուժեղացնել երթևեկության անվտանգության նկատմամբ հսկողությունը:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանությունը աշխատանքային կարգով ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկել է միջնորդել ՀՀ կառավարությանը՝ ՀՀ Ազգային ժողովում հանդես գալ համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, որի արդյունքում կդադարեցվի 01.01.2012թ. առ 31.12.2017թ. կայացված վարչական ակտերի կատարումը և կչեղարկվեն 13,7 մլրդ. դրամի չափով տուգանքները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
784 դիտում
09:20 29-12-2024
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
1555 դիտում
22:53 28-12-2024
«Գագոն քեզ ի՞նչ ա ասում»․ Գագիկ Ծառուկյանի և թոռնիկների ամանորյա տեսանյութը