Կրքերը թեժանում են. «Շիրակը» պահանջում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը
Գյումրիի «Շիրակը» հանդես է եկել նոր հայտարարությամբ, որտեղ նշել է, որ չի մասնակցի մայիսի 20-ին կայանալիք «Շիրակ» - «Փյունիկ» հանդիպմանը:
«Ակումբի նման որոշման պատճառը ՀՖՖ բոլոր պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններն են։ ՀՖՖ բոլոր պաշտոնատար անձիք չեն կատարում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը և նվազեցրել են Շիրակի միավորները մրցաշարային աղյուսակում և չեն վերականգնել աղյուսակը, ինչը անխուսափելիորեն զրկում է Ակումբին իրավական ճանապարհով իր իրավունքների պաշտպանությունից։
Պարզ է, որ Ակումբը գործ ունի հրահանգներ կատարող, անձնական ցանկություններով և օրենքից չբխող գործողություններ իրականացնող ֆեդերացիայի աշխատակազմի հետ և պարտադրված ենք այդ աշխատակազմի կողմից հեռանալ մրցապայքարից։ Պահանջում ենք ՀՖՖ նախագահի, ինչպես նաև ամբողջ աշխատակազմի հրաժարականը։
ՀՖՖ նոր կազմ ձևավորվելուց հետո Շիրակը կվերադառնա առաջնություն»:
Հիշեցնենք, որ լրագրողների հետ [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/18/1096347/]հանդիպման[/url] ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ կարգապահական կոմիտեն մերժել է «Շիրակի» բողոքարկումը և ակումբից հանվել է 12 միավոր: