211652_close_icon

Նրանց թվում էր, որ պարտադրելով բրեժնևյան ոճի քարոզչություն, ամրապնդում են իշխանությունը. «Առավոտ»

views-count11262 դիտում article-date 10:47 18-05-2018
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Տեղի ունեցած հեղափոխության պատճառներից մեկն այն էր, որ իշխանությունը ջախջախիչ պարտություն էր կրել քարոզչական պատերազմում: Բացահայտվեց, որ քարոզչության պատասխանատուները անհուսալիորեն հետ էին մնացել կյանքից և գտնվում էին 1970-ականներին ձևավորված կարծրատիպերի ազդեցության տակ: Բերեմ մի պարզ օրինակ: Նախագահի 10 րոպեանոց ելույթները, որոնք Բաղրամյան 26-ից պարտադրում էին ամբողջությամբ ցույց տալ բոլոր հեռուստաընկերություններին, ունեին ոչ թե զրոյական, այլ բացասական քարոզչական էֆեկտ: Պաշտոնական քարոզիչներին թվում էր, թե այդպիսով քաղաքացիները, որոնք դիտում են նման ելույթներն ու ռեպորտաժները, կսկսեն սիրել իշխանություններին և գնահատել նրանց կատարած աշխատանքը: Բայց ազդեցությունը ճիշտ հակառակն էր՝ անկախ նրանից, թե որքանով ճիշտ կամ սխալ բաներ էին ասվում այդ ելույթներում կամ ռեպորտաժներում, մարդիկ ավելի շատ էին զայրանում և լցվում ատելությամբ: Պատճառը շատ պարզ է՝ դա, կներեք օտար բառի համար, «օբյազալովկա» էր՝ ամբողջ երեկո 6-7 հեռուստաալիքներով նույն բաները «ֆռռացնելը» իրական բրեժնևյան լճացման տպավորություն է ստեղծում: Եվ հակառակը՝ ֆեյսբուքյան ցանկացած ստատուս, որտեղ խոսվում էր նախագահի եղբոր՝ բոլոր խոշոր բիզնեսների մեջ 50 տոկոսով մտնելու վերաբերյալ, ուներ հսկայական քարոզչական էֆեկտ: Չնայած այդ պնդումը խիստ չափազանցված է, դրան գրեթե բոլորը հավատում էին: Համացանցում նման «ստատուսը» կամ նման մեկնաբանությունն արժանանում է բուռն հավանության այն պատճառով, որ այն ինքնաբուխ է, պարտադրված չէ, արտացոլում է հասարակական տրամադրությունները: Իսկ գլոբալ պատճառն այն է, որ Հայաստանում համացանցին մարդիկ ավելի շատ են հավատում, քան հեռուստատեսությանը՝ հիմա ցանկացած մարդ և ցանկացած կայք կարող է ազատորեն ուղիղ եթեր մտնել ու ցույց տալ իրեն և ուրիշներին հետաքրքրող իրադարձությունը: Դա ունի իր թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը, բայց այս թեմայի համատեքստում կարևոր է այլ բան՝ պաշտոնական քարոզիչները չէին ընկալել այս փոխված իրավիճակը, նրանց թվում էր, որ «ճզմելով» հեռուստաընկերությունները և պարտադրելով բրեժնևյան ոճի քարոզչություն՝ նրանք ամրապնդում են իշխանությունը: Հիմա էլ Փաշինյանն է շատ երևում եթերում: Բայց ոչ ոք չի պարտադրում նրան ցույց տալ՝ վարչապետին ցույց են տալիս, որովհետև դա հեռուստադիտողներին հետաքրքրում է: Իսկ հետաքրքրում է այն պատճառով, որ իսկապես նա վարչապետ է դարձել ժողովրդի կամքով: Բայց եթե մեկ կամ երկու ամիս հետո Բաղրամյան 26-ից զանգեն որևէ հեռուստաընկերություն և ասեն, որ Շարմազանովին չի կարելի կանչել եթեր, և պարտադիր եթեր պետք է գա որևէ մեկն իշխանությունից, դա կնշանակի, որ ոչինչ չի փոխվել: Հուսամ՝ այդպես չի լինի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր