211652_close_icon
views-count26067 դիտում article-date 00:29 16-05-2018

Նիկոլ Փաշինյանը՝ քաղբանտարկյալների մասին. Պետք են օրինական գործիքներ

Քաղբանտարկյալների խնդրին պետք է լուծում տրվի, որպեսզի Հայաստանը լինի առանց քաղբանտարկյալների երկիր։ Այդ մասին ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, սակայն, նշել է, որ քաղբանտարկյալների հարցը պետք է լուծվի բացառապես օրինական մեթոդներով։ «Շատերը պատկերացնում են, թե այդ հայտարարությունից պետք է գնանք, բանտախցերի դռները բացենք, ասենք՝ ժողովուրդ ջան, դուրս եկեք։ Դա ճիշտ ճանապարհ չէ, քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք իրավական գործիքների միջոցով»,- ասել է Փաշինյանը եւ հավելել. «Ես զբաղվում եմ քաղբանտարկյալների հարցերով, որպեսզի օրինական միջոցներով ազատ արձակվեն։ Եւ այս խնդրում որեւէ տարընթերցում չպիտի լինի»։ Ըստ Փաշինյանի, եթե դատավճիռն ուժի մեջ է մտել, եւ որոշակի ժամկետ են տվել, պետք է նայեն՝ արդյոք պայմանական ժամկետը լրացել է, եւ տեսնեն, թե ինչ օրինական ճանապարհով կարող են խնդիրը լուծել։ Խոսելով «Սասնա ծռերի» մասին՝ Փաշինյանն ասել է. «Ինչպես և բոլոր ՀԿ-ների, ասեմ ինձ համար կա երկու խնդիր. քաղաքականության հետ առնչվող խնդիրներ, որտեղ չունենք զոհեր, ու որտեղ ունենք զոհեր։ Վերջինի դեպքում խոսքը «Սասնա ծռերի» մասին է։ Օրենքով սահմանված կարգով պետք է լուծենք նրանց ազատ արձակման հարցը, օրինակ համաներմամբ։ Պետք է հասկանանք օրինական ճանապարհով ինչ կարող ենք անել, որ այդ հարցը լուծենք։ Հուսով եմ ՀՀ ոչ մի քաղաքացի չի ակնկալում, որ պետք է մտնեմ բանտեր ու ասեմ տղերք, դուրս եկեք։ «Սասնա ծռերի» խնդրի վերաբերյալ պետք է հանրային քննարկում ունենանք, տարբեր ֆորմատներով, պետք է լսենք նաև սպանվածների հարազատներին։ Չեմ խոսում մի այնպիսի տարբերակի մասին, որ ասեմ չէ, եկեք չլուծենք այս հարցը։ Պետք է հասկանանք` ինչ ճանապարհներ կան լուծելու։ Այս հարցն իմ մտահոգությունների շրջանակում է, խնդիրը պետք է լուծվի բացառապես իրավական դաշտում։ Պետք է ըմբռնումով մոտենանք այս հարցին, որոշ ժամանակի ընթացքում։ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չպետք է լինեն, այլ կարծիք լինել չի կարող, դա իմ քաղաքական դիրքորոշումն է»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր