Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը պատրաստվում են հայտարարել կորեական պատերազմին վերջ դնելու մասին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի միջև հանդիպման արդյունքներով՝ սպասվում է, որ կհայտարարվի կորեական պատերազմին վերջ դնելու մասին։
Այդ մասին հայտնել է ճապոնական Nikkei թերթը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին։
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոյի խոսքով՝ ինքը Կիմ Չեն Ընին հայտնել է, թե ինչ կարող է Միացյալ Նահանգները տրամադրել Հյուսիսային Կորեային, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենքից։
«Եթե Հյուսիսային Կորեան խիզախ քայլեր ձեռնարկի միջուկային զենքից անհապաղ ազատվելու ուղղությամբ, ապա ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Հյուսիսային Կորեայի հետ, որպեսզի օգնի նրան հասնել այնպիսի բարգավաճման, ինչպիսի բարգավաճման հասել են մեր հարավկորեացի բարեկամները»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Փհենյանը օրեր առաջ բանտից ազատ է արձակել ԱՄՆ-ի 3 քաղաքացիների, ի նշան երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների կարգավորման ձգտման։
Իսկ Թրամփի ու Չեն Ընի հանդիպումը կայանալու է հունիսի 12-ին, Սինգապուրում։