211652_close_icon
views-count27151 դիտում article-date 18:20 08-05-2018

Ոստիկանության պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վահագն Գրիգորյանը, 20.07.2017թ.ից մինչև 12.12.2017թ.-ը զբաղեցնելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ստեփանավանի անձնագրային խմբի ղեկավարի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է՝ ՀՀ-ից բացակայող Արամ Հովհաննիսյանին կեղծ հիմքերով հաշվառել է Ստեփանավան քաղաքի բնակարաններից մեկում և տրամադրել կեղծ անձնագիր: Այսպես, Վահագն Գրիգորյանը իր ծանոթ Հ. Բոյաջյանի խնդրանքը չմերժելու և նրա ամուսնուն` ՀՀ-ից բացակայող Արամ Հովհաննիսյանին նոր անձնագիր տրամադրելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` վերջինիս նախ ձևականորեն հաշվառել է իր աշխատակիցներից մեկին պատկանող բնակարանում: Մասնավորապես, Վ. Գրիգորյանը Ստեփանավանի անձնագրային խմբի առաջատար մասնագետին հանձնարարել է Ա. Հովհաննիսյանի անունից կազմել և իրեն հանձնել վերը նշված բնակարանում հաշվառվելու մասին դիմում, որում կեղծվել է Ա. Հովհաննիսյանի ստորագրությունը: Այնուհետև Վ. Գրիգորյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կեղծել է Ստեփանավանի զինվորական կոմիսարին հասցեագրված՝ իբրև թե Ա. Հովհաննիսյանի անունից գրված դիմումը, որի հիման վրա վերջինս 30.10.2017թ.-ին հաշվառվել է Ստեփանավանի զինվորական կոմիսարիատի պահեստազորում: Դրանից հետո Ա. Հովհաննիսյանի` ՀՀ-ում գտնվելու, անձամբ անձնագրային ծառայություն ներկայանալու և Ստեփանավանի զինկոմիսարիատում հաշվառվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ և գրառումներ պարունակող պաշտոնական կեղծ փաստաթղթերի հիման վրա, օրենսդրության և սահմանված կարգի կոպիտ խախտմամբ, Վ. Գրիգորյանի կողմից Ա. Հովհաննիսյանը հաշվառվել է ՀՀ բնակչության պետական ռեգիստրում: Այնուհետև Վ. Գրիգորյանը, կրկին չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, Ա. Հովհաննիսյանի` կեղծ հիմքերով կազմված ՀՀ քաղաքացու նոր անձնագիրը 06.11.2017թ.-ին տրամադրել է վերջինիս կնոջը` Հ. Բոյաջյանին: Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Վահագն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ի դեպ, հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության մեկ այլ պաշտոնատար անձի` Ստեփանավանի անձնագրային խմբի նախկին ղեկավարի կողմից մի շարք անձանց կեղծ հիմքերով հաշվառելու և անձնագրեր տրամադրելու առերևույթ հանցագործության նոր փաստեր, որոնցով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր