76002 դիտում
21:13 29-04-2018
Նիկոլ Փաշինյան. Վաղը առավոտից ես շատ կարևոր աշխատանք ունեմ Ազգային ժողովում. Tert.am
Հանրապետության հրապարակում ընթացող «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքում ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Tert.am-ը:
Նա հայտարարություն արեց վաղվա անելիքների մասին՝ նշելով, որ վերջին երեսուն օրը օրվա 90 տոկոսն անց է կացրել փողոցներում, դաշտերում, անտառներում, հրապարակներում, և ահա այդ ամենի արդյունքում եկել է մի պահ, որ ծայրահեղ անհրաժեշտություն է գոնե որոշ ժամանակ, գոնե օրվա կեսն անցկացնել գրասենյակային պայմաններում:
«Վաղը առավոտից ես շատ կարևոր աշխատանք ունեմ Ազգային ժողովում: Պետք է հանդիպումներ ունենամ խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի այդ քննարկումների արդյունքում օրվա վերջում Ձեզ կարողանամ տեղեկատվություն տալ, որ ձեր առաջադրած վարչապետի թեկնածուի ընտրությունը մայիսի մեկին երաշխավորված է»,- ասաց նա:
Նա նշեց, որ չի կարողանա գրասենյակային պայմաններում հանգիստ աշխատել՝ իմանալով, որ տարբեր վայրերում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են անում, իսկ ինքը սենյակում տարբեր քննարկումների է մասնակցում և խնդրեց վաղը դադարեցնել ակցիաները և քաղաքացիական անհնազանդության ոչ մի գործողություն չիրականացնել. «Որպեսզի մենք կարողանանք մեր թիմով Ազգային ժողովում՝ մեր գրասենյակում, քաղաքական աշխատանքը ավարտին հասցնել՝ մեր դե ֆակտո հաղթանակը դե յուրե արձանագրելու համար»։
Ն. Փաշինյանը կոչ արեց նաև դադարեցնել հանրապետական պատգամավորների հետ զանգերի, նամակների միջոցով կոնտակտի դուրս գալը և նրանց առջև պահանջ դնելը: «Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ձեր անունից ես հանդիպելու եմ նրանց հետ՝ որպես վարչապետի թեկնածու, որպեսզի մեր առաջարկած օրակարգը նրանց ներկայացնենք և իրականություն դարձնենք»,- ասաց նա:
Նա կոչ արեց որևէ գործողություն չիրականացնել հանրահավաքի ավարտից սկսած և ասաց, որ վաղը 17:00-ից ինքը լինելու է Գարեգին Նժդեհի հրապարակում, որտեղից քայլերթով շարժվելու են Հանրապետության հրապարակ, որտեղ էլ հանրահավաքի ժամանակ միասին քննարկելու են հաջորդ օրվա իրենց անելիքները:
«Ամեն դեպքում, մյուս օրը՝ ժամը ութից, բոլոր մարզերից հավաքում ենք Հանրապետության հրապարակում: Մենք այդ օրը ինչպես կանցկացնենք, որտեղ կանցկացնենք՝ կախված կլինի այդ առավոտը ստեղծված քաղաքական իրավիճակից»,- եզրափակեց Ն. Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
868 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
619 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1066 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին