ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Միացյալ Թագավորության փորձագետների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 26-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Միացյալ Թագավորության (ՄԹ) փորձագետների հետ: Հարավային Կովկասում ՄԹ պաշտպանական հարցերով հատուկ խորհրդատու Ալեքսանդրա Փոլի և բանակի (ցամաքային զորքերի) ռեսուրսների դեպարտամենտի ռեսուրսների պլանավորման վարչության պետի տեղակալ, գնդապետ Լիզի Ֆեիթֆուլ-Դեվիսի Հայաստան այցելության նպատակն է աջակցել ռեսուրսների ռազմավարական պլանավորմանը:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, անձնակազմի կառավարման և աուդիտի վարչությունների, փրկարար ծառայության, պետական ռեզերվների գործակալության և Ճգնաժամային կառավարաման պետական ակադեմիայի ներկայացուցիչներ:
Քննարկումը վարող ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ.Ղարիբյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց օտարերկրյա հյուրերին նախաձեռնության համար՝ նշելով, որ ռեսուրսների ճիշտ պլանավորումը չափազանց կարևոր է դրանց արդյունավետ ու նպատակային օգտագործման համար:
Աշխատանքային հանդիպման ընթացքում գնդապետ Լիզի Ֆեիթֆուլ-Դեվիսը ներկայացրեց Միացյալ Թագավորությունում իրականացվող պաշտպանական բարեփոխումները, պաշտպանական խնդիրները, ազգային ռազմավարության նպատակները և ռեսուրսների կառավարման մոդելը (թիկունքային ապահովում և գնումներ, անձնակազմի կառավարում, վերապատրաստում և այլն): Ըստ այդմ՝ յուրաքանչյուր ծառայություն մշակում է իր պլանը՝ ելնելով կառավարության հետ համաձայնեցված խնդիրներից ու առաջնահերթություններից, որտեղ ընդգրկվում են նաև դրանց իրականացման ուղիները և անհրաժեշտ ռեսուրսները: Իրականացվում է վերլուծություն և տվյալ կառույցի կարողությունների գնահատում՝ ճշտելու համար արդյոք այն ունի նախանշված նպատակներին հասնելու համար բավարար ռեսուրսներ:
Քննարկմանը հնչեցին հարցեր ռեսուրսների պլանավորման և առաջնահերթությունների որոշման, դրանց բաշխման, գնումների և մատակարարման գործընթացի կազմակերպման ու հսկողության վերաբերյալ: