Կարեն Կարապետյանից ստացվել է գրություն՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ միջնորդագրերի հետկանչը քննարկելու վերաբերյալ, որը հարգվել է. Դատախազություն
ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանից ստացվել է գրություն՝ միջնորդագրերի հետկանչի գործընթացի հնարավորությունը քննարկելու վերաբերյալ, որը հարգվել է։
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից՝ պատասխանելով հարցին, թե փոխվարչապետի դիմումի վերաբերյալ գլխավոր դատախազությունն ինչ որոշում է կայացվել։
«ՀՀ գլխավոր դատախազի կողմից համապատասխան միջնորդագրեր էին ներկայացվել ՀՀ Ազգային ժողով՝ համաձայնություն տալու ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ազատությունից զրկելուն, ինչպես նաև նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչի մասին տեղեկացվել է:
Դրանից հետո ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանից ստացվել է գրություն՝ միջնորդագրերի հետկանչի գործընթացի հնարավորությունը քննարկելու վերաբերյալ, որը հարգվել է»,- հայտնեց Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Նշենք,որ այսօր առավոտյան՝ նախքան Սերժ Սարգսյանի հրաժարականը, Կարեն Կարապետյանը հայտնել էր, որ ինքը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ միջնորդությունն Ազգային ժողովից հետ վերցնի:
Հիշեցնենք, որ այդ պահին Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ձերբակալված էր։