«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը» համալրվել է նոր սերնդի սարքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը» համալրվել է նոր սերնդի սարքով, որը հնարավորություն է տալիս կատարել դոպլեր, դուպլեքս և 3, 4 D հետազոտություն: Սարքավորման ձեռքբերման համար միջոցներ հատկացրել են Գյումրու և Նորվեգիայի «Ռոտարի» ակումբները, հատկացված միջոցներով հնարավոր կլինի նաև երկու տարի ժամանակով լիարժեք շահագործել հիվանդանոցի գերժամանակակից լաբորատոր սարքը:
Այս ամենը հնարավորություն կտա հղիների մոտ հիվանդությունները հայտնաբերել ավելի վաղ շրջանում, ցուցաբերել առավել որակյալ բուժօգնություն:
«Շնորհակալություն եմ հայտնում նախաձեռնության հեղինակներին և գոհունակությունս հիվանդանոցի տնօրինությանը:
Ձեր ջանքերը արդյունք են ունեցել: Նոր սարքավորումները հնարավորություն կտան առավել որակյալ ծառայություն մատուցել հիվանդներին: Սա կնպաստի, որ հիվանդների հոսքը դեպի մայրաքաղաք նվազի»,- նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: