211652_close_icon
views-count4474 դիտում article-date 17:13 18-04-2018

Լիտվայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է կամերային երաժշտության երեկո՝ նվիրված Հայաստանի և Լիտվայի անկախության 100-ամյակներին

Երեկ՝ ապրիլի 17-ին, Լիտվայում ՀՀ դեսպանությունը Լիտվայի կիրառական արվեստի թանգարանում կազմակերպել էր կամերային երաժշտության երեկո՝ նվիրված Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների անկախության 100-ամյակներին։ Համերգին կատարումներով հանդես եկան նշանավոր հայազգի թավջութակահար Լևոն Մուրադյանը (Պորտուգալիա), լիտվացի դաշնակահար Վայդա Կիրվելիտյեն և ջութակահար Ռայմոնդաս Բուտվիլան։ Համերգին ներկա էին Լիտվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, Լիտվայի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ։ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, հանդես գալով բացման խոսքով, ասաց, որ համերգը Հայաստանի և Լիտվայի անկախության 100-ամյակներին նվիրված միջոցառումների շարքից է։ Անդրադառնալով Հայաստանի առաջին Հանրապետության պատմությանը՝ դեսպանը նշեց, որ 1918թ․՝ հակամարտությունների քաոսի մեջ, մայիսյան փառահեղ հաղթանակների ներքո ծնվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, որը 1375 թ․-ից հետո հայկական առաջին ինքնիշխան պետությունն էր։ Դեսպանը նաև նշեց, որ այդ ժամանակաշրջանում հայ ժողովուրդը վերականգնվում էր իր մեծագույն ողբերգության՝ ցեղասպանության հետևանքներից, առկա էին շուրջ 300,000 գաղթականներ, արևելքից և արևմուտքից երիտասարդ Հանրապետությունը տապալելու փորձեր էին արվում: Բայց այնուամենայնիվ Հայաստանին հաջողվեց երկուսուկես տարի դիմակայել այդ արհավիրքներին և դառնալ միջազգային իրավունքի սուբյեկտ։ Եզրափակելով իր խոսքը, դեսպանը հայտնեց, որ 1920թ․ անկախության կորստի հարցում որոշ արտաքին և ներքին գործոններ ունեցան իրենց դերը և արտաքին իրողությունները մինչ օրս ցավոք գրեթե չեն փոխվել։ Այսօր էլ Հայաստանը գործադրում է իր առավելագույն ջանքերը բոլորի հետ բարեկամական հարաբերություններ պահպանելու և իր բարեկամների շրջանակն ընդլայնելու համար։ Համերգի ընթացքում հնչեցին Ֆրանց Շուբերտի, Առնո Բաբաջանյանի և Կոմիտասի ստեղծագործությունները։

Նմանատիպ նյութեր