ԱՄՆ-ի ընկալումը Հայաստանում եզակի է և ռոմանտիկ. Գրիգոր Հովհաննիսյան. «Ամերիկայի ձայն»
Հայ-ամերիկյան հարաբերություններն աչքի են ընկնում հատուկ ջերմությամբ, հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը Վաշինգտոնում «Դիվանագետ» հանդեսի կողմից կազմակերպված քննարկման ընթացքում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4347491.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
«ԱՄՆ-ի ընկալումը Հայաստանում եզակի է և ռոմանտիկ՝ հաշվի առնելով հազարավոր ամերիկացի միսիոներներին, ովքեր, կարելի է ասել, փրկեցին հայ ազգը Ցեղասպանությունից հետո: 150,000 հայ որբեր փրկվել էին Սիրիայի անշունչ քարանձավից»,- նշում է դեսպանը:
Դեսպանի խոսքով, Վաշինգտոնն իր կողմից միշտ ըմբռնումով է մոտեցել Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշմանը Իրանի և Ռուսաստանի նկատմամբ:
«Մեր նպատակն է կառուցել կայուն, Արևմտյան, լիբերալ, ժողովրդավար հասարակություն»,- նշում է դեսպան Հովհաննիսյանը:
Հավաքվածներին հատկապես հետաքրքրում էին Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ, որոնց բացակայությունն, ըստ դեսպանի, տարածաշրջանային զարգացման հիմնական խոչընդոտն ու Հայաստանի համար անվտանգության խնդիր է:
«Երբ 26 տարի առաջ Հայաստանը դարձավ անկախ երկիր, այն առնչվեց անվտանգության կարևոր մարտահրավերի. 3 միլիոն բնակչություն ունեցող երկիրը, որը վերականգնվեց պատմական Հայաստանի փոքր մասնիկի վրա, կանգնեց դեմ առ դեմ 80-միլիոնանոց Թուրքիայի առջև՝ մի պետության, որը մեկ դար առաջ ծրագրում էր վերացնել հայ ազգը, իսկ այժմ փակ է պահում սահմանը Հայաստանի հետ և չի ճանաչում պատմական պատասխանատվությունը, չի ճանաչում Ցեղասպանության սարսափը»,- նշեց դեսպանը:
Քննարկման կազմակերպիչ «Դիվանագետ» հանդեսի խմբագիր Վիկտոր Շիբլը նշում է, որ Վաշինգտոնի քաղաքական վերնախավի համար կարևոր է հասկանալ Հայաստանի պատմությունն ու քաղաքականությունը.
«Հայաստանը դարավոր պատմություն ունեցող կարևոր երկիր է, որը Միացյալ Նահանգներում ունի հսկայական հայ համայնք»:
Քննարկմանը ներկա Սերբիայի դեսպան Ջերջի Մատկովիչն ընդգծում է՝ սա իր այցելած վերջին ամիսների լավագույն քննարկումն էր: Հատկապես դեսպանին հետաքրքրել էր հայ և սերբ ժողովուրդների նմանությունը.
«Մեր պատմությունն ու ազգերը շատ մոտ են միմյանց. Սերբերն ու հայերը սերտ բարեկամներ են: Մենք նույնպես դարեր շարունակ ծանր պայմաններում ենք եղել, սակայն, նույնպես հաղթահարել ենք դժվարությունները»: