211652_close_icon
views-count2345 դիտում article-date 16:41 13-04-2018

Քննարկվել են քոլեջներում կրթության որակի ապահովման խնդիրները

Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության որակի ապահովման խնդիրներն այսօր քննարկվեցին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կազմակերպած համաժողովի ժամանակ: Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգի ներդրում. խնդիրներ և հնարավորություններ» թեմայով համաժողովը: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նշեց, որ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման գործընթացները համեմատաբար վերջերս են ծավալվել, և որակի ներքին ապահովման համակարգի կայացման, որակի մշակույթի ձևավորման փուլում չափազանց կարևոր է երկխոսությունը քոլեջների միջև: «ՈԱԱԿ նախաձեռնած համաժողովի նպատակներից մեկը հենց երկխոսությունը, մասնագիտական քննարկումները խթանելն է»,- ասաց պարոն Թոփչյանը՝ վստահություն հայտնելով, որ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համաժողովը կդառնա ամենամյա: Համաժողովի ընթացքում քննարկվեց, թե քոլեջներն ինչ աշխատանքներ են իրականացրել որակի ներքին ապահովման համակարգի ներդրման ուղղությամբ, որակի ապահովման համակարգի ներդրումից հետո ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչպես են հաղթահարել խոչընդոտները և այլն: Քոլեջների ներկայացուցիչները պատմեցին նաև իրենց լավագույն փորձի մասին, որը կարող է կիրառվել մյուս ուսումնական հաստատություններում: Համաժողովի մասնակիցները քննարկեցին նաև, թե որքանով է քոլեջների առաքելությունը համապատասխանում պետության կարիքներին, ինչպես են համագործակցում գործատուների հետ, որքանով են կարողանում աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագետներ պատրաստել: Անդրադարձ կատարվեց հարցին, թե քոլեջի շրջանավարտը որքանով է կայացած մասնագետ, որը կարող է անմիջապես աշխատաշուկա մտնել: Ներկայացվեց ՈԱԱԿ մշակած և փորձարկած ՄՈՒՀ-գործատու համագործակցության մոդելը, որի կիրառումը կբարելավի ուսումնական հաստատությունների և գործատուների երկխոսությունը և կնպաստի աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագետների պատրաստմանը: Աշխատաշուկայում որակավորումների ճանաչման խնդիրն առավել ընդգրկուն կքննարկվի ապրիլի 16-17-ին կայանալիք «Կրթություն և մասնագետ. մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագրով ֆորումի շրջանակներում:

Նմանատիպ նյութեր