Հայաստանի դպրոցականները կմրցեն կիրառական ծրագրավորման իրենց հմտություններով. եզրափակչում է 54 հայտ
Հայաստանի տարբեր մարզերի ավելի քան 50 աշակերտ կմասնակցի «Digicode 2018» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակչին: Այն կանցկացվի ապրիլի 18-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում:
Ինչպես «[url=https://armenpress.am/arm/news/929621.html]Արմենպրես[/url]»-ին տեղեկացրեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հաղորդակցությունների և հանրային կապերի պատասխանատու Շուշանիկ Ներսեսյանը, մրցույթին ներկայացվել է 300 հայտ, որից 54-ն են անցել եզրափակիչ փուլ: «Մասնակցություն ունենք ՀՀ գրեթե բոլոր մարզերից: Ապրիլի 18-ին դպրոցականները կներկայացնեն իրենց ստեղծած ծրագրերը և լավագույնները կարժանանան մրցանակների»,-ասաց Շուշանիկ Ներսեսյանը:
Մրցույթին մասնակցող փոքրիկ ծրագրավորողների ճնշող մեծամասնությունը տղաներ են, ներկայացված նախագծերը` հայկական արտադրության «Աղվես» և «Կրիա» ծրագրերով:
«DigiCode 2018» ծրագրավորման պատանեկան մրցույթը, իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից Յուքոմ ընկերության, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության և Հայաստանի Ամերիկյան համալսարանի աջակցությամբ: