211652_close_icon
views-count4035 դիտում article-date 22:45 09-04-2018

«Պետք է համակարգ ստեղծենք գյուղատնտեսության ոլորտում, որի շրջանակներում կլինեն փոփոխություններ դեպի զարգացում». Իգնատի Առաքելյան

Ապրիլի 7-8-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ Ծազկաձորում կազմակերպել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ իրազեկման սեմինար ոլորտը լուսաբանող լրագրողների համար։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Աշոտ Հարությունյանը, Արմեն Հարությունյանը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության Հայաստանի գրասենյակի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադարմի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, այլ հյուրեր։ Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը ընդհանուր դրույթներով ներկայացրել է նախարարության 2018-2020 թվականների նոր ծրագրերն ու նախաձեռնությունները, անդրադարձել ագրոքաղաքականության հիմնական ուղղություններին։ «Մենք համոզված ենք, որ պետք է համակարգ ստեղծենք գյուղատնտեսության ոլորտում և սկսել ենք այդ ուղղությամբ աշխատանքներ տանել, որպեսզի անկախ հանգամանքներից և անձերից լինի հստակ համակարգ, որի շրջանակներում լինեն փոփոխություններ՝ դեպի զարգացում»,- նշել է Իգնատի Առաքելյանը։ Իգնատի Առաքելյանը մասնավորապես կարևորել է գյուղոլորտի իրավական դաշտի, ֆերմերների կարգավիճակի հստակեցումը, որի ուղղությամբ նախարարությունը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, գյուղատնտեսական հողերի օգտագործելիությունն ապահովել նպատակով օրենսդրական մեխանիզմների կիրառումը, գյուղատնտեսական ռեգիստրի ստեղծումը, ինչպես նաև ապահովագրական համակարգի ներդրումը և օրգանական, կանաչ գյուղատնտեսության խթանումը։ Նրա խոսքով՝ այս տարի մեկնարկելու է արհեստական սերմնավորման ծրագիրը՝ գյուղատնտեսական կենդանիների որակի բարելավման նպատակով, ինչպես նաև նպատակ ունեն ընդլայնել լիզինգի ծրագիրը, որում կներառվեն փոքր ջերմոցային տնտեսությունները, շահառուները հնարավորություն կունենան նաև վերամշակման սարքավորումներ ձեռք բերել և այլն։ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը ներկայացրել է նախորդ տարի մեկնարկած գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի արդյունքները։ Նրա խոսքով՝ 2017 թվականին ծրագրի շրջանակում տրամադրվել է 165 միավոր տեխնիկա, 2018 թվականի առաջին եռամսյակում արդեն շահառուները 43 միավոր տեխնիկա ձեռք են բերել։ Մակարյանը նշել է, որ ՀԲ-ի մասնագետների գնահատականներով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության լիզինգի ծրագիրն աշխարհում լավագույններից է համարվել, և նրանք պատրաստվում են այն առաջարկել Վրաստանին՝ որպես լավագույն փորձ։ Անդրադառնալով մթերման վարկերի ծրագրին՝ փոխնախարարը նշել է, որ փորձնական ծրագիրը հաջողվել է, և այս տարի ծրագիրն ավելի ընդլայնված ծավալներով է իրականացվում, արդեն հայտեր կան վերամշակող ընկերությունների կողմից, պայմանագրերի կնքման աշխատանքներ են իրականացվում, և ամբողջ ծավալներով իրացվելու դեպքում՝ այն ամբողջությամբ կծածկի հանրապետության պտուղ-բանջարեղենի մթերման դիմաց վճարումների ծավալները։ Նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը համառոտ ներկայացրել է 2018-2020 թթ. միջազգային կազմակերպությունների հետ ՀՀ գյուղատնտեսության նախարարության համագործակցության հիմնական ուղղությունները: «Վերջին 5 տարիների ընթացքում մեզ հաջողվեց միջազգային համագործակցության երկկողմ և բազմակողմ ֆինանսավորումն ավելացնել շուրջ 117 %-ով, այսինքն` ավելի քան երկու անգամ», - նշել է փոխնախարարը: Իր ելույթում Արմեն Հարությունյանը անդրադարձել է նաև Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման հեռանկարներին: Նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն իր խոսքում ներկայացրել է կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման ծրագրերը, անդրադարձ կատարել պետական աջակցությամբ հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի, դիզելային վառելիքի, սերմացուների տրամադրման ծրագրերին: Տեղեկացնելով հողօգտագործողներին գարնանացան սերմացուների տրամադրման ընթացքի վերաբերյալ` Աշոտ Հարությունյանը նշել է. «Նախորդ տարվա համեմատ ունենք աննախադեպ իրացում և, ամենակարևորը, այս պահի դրությամբ չկա ձևավորված ոչ մի դրամ պարտք: Նախապես վճարելու պայմանով սուբսիդավորված արժեքով տրամադրվել են գարնանացան մշակաբույսերի շուրջ 1750 տոննա սերմեր»: Ջրպետկոմի նախագահ Արսեն Հարությունյանը նշել է, որ ավարտին են մոտենում գարնան նախապատրաստական ծրագրերը։ Նա հավելել է, որ ներկա պահին Հայաստանի ջրամբարներում կա շուրջ 460 մլն մ3 ջուր, և այս պահի դրությամբ նախորդ տարվա համեմատ տարբերությունը կազմում է մոտ 27 մլն մ3: Նախատեսվում է ներդնել 24 խորքային հորեր, կվերականգնվեն 13-ը, 20 շարժական պոմպեր ձեռք կբերվեն՝ մոտակա գետերից և լճակներից ջուր վերցնելու համար։ Ջրպետկոմի նախագահի խոսքով՝ 2019 թվականի տարեվերջին նախատեսվում է ավարտել Արփա-Սևան թունելի շինարարությունը։ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն իր ելույթում ներկայացրել է հիմնադրամի կողմից 2017 թվականին իրականացված ծրագրերը և ընթացիկ տարում նախատեսվող միջոցառումներն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են արտերկրում հայկական գինեգործական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանն ու առաջմղմանը: Այս համատեքստում Զարուհի Մուրադյանը հատկապես կարևորել է հայկական գինեգործական ընկերությունների մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներում: Որպես նման մասնակցության փայլուն օրինակ հիմնադրամի տնօրենը մատնանշել է Գերմանիայի Նոյշտադտ քաղաքում փետրվարի 25-ին տեղի ունեցած «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards» միջազգային մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայկական գինեգործական ընկերությունների ներկայացրած արտադրանքն արժանացել է 23 մեդալի՝ 10 ոսկի և 13 արծաթ: Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը ներկայացրել է հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, խորհրդատվական ծառայությունների մատուցման ընթացակարգը: «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամն իր առջև կոնկրետ նպատակներ է դրել` բարձրացնել գյուղատնտեսության մրցունակությունը, ներդրումներ ներգրավել, խթանել արտադրանքի արտահանումը, կարողություններ զարգացնել, օժանդակել պետական ծրագրերի մշակմանը և իրականացմանը», - նշել է նա: Սեմինարի երկրորդ օրը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության կողմից ներկայացվել է օրերս գործարկված Դոնորների համակարգման www.dcf.am կայքէջը, որը մշակվել է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացում» ծրագրի (ԵՀԳԳԶԾ) շրջանակում և իրականացվում է ՊԳԿ-ի կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ: Այսուհետ կայքի շնորհիվ գյուղոլորտում միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող բոլոր ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը 24 ժամ հասանելի կլինի յուրաքանչյուր օգտատիրոջ համար, այդ թվում՝ դրանց հաշվետվությունները, շահառուները, աշխարհագրական ընդգրկումը և այլն։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ համատեղ պատրաստված նախարարության ծրագրերի և խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ պատմող խոհրդատվական տեսանյութերի և տեղեկատվական գրքույկի շնորհանդեսը։ [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր