5688 դիտում
14:00 08-04-2018
Գարեգին Բ-ն Գագիկ Հարությունյանին շնորհեց «Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական բարձր շքանշան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 7-ին, Ս. Աստվածածնի Ավետման տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» գիտական կենտրոնում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառությանը բերած բացառիկ ավանդի ու աստվածահաճո ծառայությունների համար ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գագիկ Հարությունյանին շնորհվեց «Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս եւ Հայրապետական շքանշան:
Արարողությունը բացվեց Տերունական աղոթքով, ապա ցերեկույթի մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:
Մեծարյալի կյանքին ու վաստակաշատ գործունեությանն անդրադարձան Գերագույն հոգեւոր խորհրդի եւ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ ի. գ. դ. Գեւորգ Դանիելյանը եւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Այնուհետեւ «Ուրախ լեր» շարականի երգեցողության ներքո բերվեց Հայրապետական շքանշանը, որից հետո Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն իր ողջույնի ու օրհնության խոսքն ուղղեց ներկաներին:
«Մեծահարգ տիար Գագիկ Հարությունյան, «Ասպետ Սուրբ Էջմիածնի» շքանշանը Հայրապետական բարձր պարգեւ է արժանավոր հայորդիներին, ովքեր իրենց գործերով ու հանձնառություններով աջակցում են մեր Եկեղեցու տիրավանդ առաքելության արդյունավորմանը, ներդրում բերում Սուրբ Էջմիածնի բարեզարդման մեջ, նպաստում մեր ժողովրդի հոգեւոր կյանքի վերազարթոնքին: Դուք անձնվիրաբար ծառայել եք մեր երկրին ու մեր ժողովրդին, ավանդ բերել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառությանը: Այսօր գոհունակություն է Հայրապետիս համար այս պատվավոր շքանշանը շնորհել Ձեզ՝ եկեղեցանվեր Ձեր իրագործումների համար:
Վստահ ենք, որ պարգեւը խրախույս պիտի լինի Ձեզ՝ նորանոր հանձնառություններով առավել հարստացնելու Ձեր բարի ու արժանավոր գործերի վաստակը ազգային ու հոգեւոր մեր կյանքում», - ասաց Վեհափառ Հայրապետը:
Իր շնորհավորանքներն ու մաղթանքները փոխանցելով մեծարյալին` Նորին Սրբությունը Հայրապետական շքանշանով զարդարեց պետական գործչի կուրծքը:
Պարգեւաբաշխության առիթով իր ապրումները ներկաների փոխանցեց Գագիկ Հարությունյանը՝ երախտագիտություն հայտնելով Հայոց Հայրապետին եւ Մայր Աթոռին բարձր գնահատանքի ու նման վերաբերմունքի համար: Անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ նրա երջանկահիշատակ նախորդների հետ իր զրույցներին, ինչպես նաեւ Մայր Աթոռի հետ իր մշտական կապին` մեծարյալն իր համոզումն արտահայտեց, որ մարդը առանց հոգեւոր կայուն արժեքների եւ հարստության չի կարող որպես բանական էակ ինքնադրսեւորվել: Տիար Հարությունյանը խոսեց նաեւ այն կարեւոր դերակատարության մասին, որ Հայոց Եկեղեցին ունեցավ ինքության պահպանման եւ հարատեւման գործում: Վերջինս ընդգծեց նաեւ, որ շնորհված պարգեւը լրացուցիչ խթան եւ պարտավորություն կհանդիսանա` ավելի ժրաջան աշխատելու համար:
Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի պատանի երաժիշտ-կատարողները (գեղ. Ղեկավար Սիլվա Մեքինյան):
Հանդիսությունը եզրափակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»