ՀՀ Նախագահը նոր դեսպան է նշանակել Ֆրանսիայում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ֆրանսիայում Հայաստանի նոր դեսպան է նշանակվել: Այդ մասին տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Հասմիկ Տոլմաջյանին նշանակել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ)»:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Վիգեն Չիտեչյանն ազատվել է Ֆրանսիայի Հանրապետությունում, Անդորրայի Իշխանապետությունում և Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: