211652_close_icon
views-count3532 դիտում article-date 22:24 23-03-2018

Հայաստանի պատվիրակությունը Բրատիսլավայում մասնակցել է տարածաշրջանային ինովացիոն համաժողովին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը Բրատիսլավայում մասնակցում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ինովացիոն եռօրյա համաժողովին: Հայաստանի պատվիրակության կազմում են նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության հանրային խորհրդատվության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը, ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Համաժողովը կազմակերպել է Համաշխարհային բանկը՝ Սլովակիայի և Ավստրիայի կառավարությունների հետ համատեղ: Այն նպատակ ունի նպաստելու ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը, փորձի փոխանակման միջոցով զարգացնելու տեխնոլոգիական լուծումների ներդրումը արտադրության ու արդյունաբերության ոլորտներում։ Եռօրյա համաժողովի աշխատանքներին մասնակցում են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտի պետական և մասնավոր կազմակերպությունների, գիտահետազոտական և կրթական հաստատությունների, դոնոր և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: «Արդյունաբերություն և զարգացող տնտեսություններ. արտադրության զարգացման միտումները և հմտությունների մարտահրավերները» թեմայով քննարկումների ընթացքում Ամալյա Եղոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող այն ծրագրերը, որոնք ուղղված են պետություն- մասնավոր հատված համագործակցության ամրապնդմանը, նորարար ու տեխնոլոգիական լուծումները արտադրության զարգացած ու առաջնային ոլորտներ ուղղորդելուն, նաև՝ պետության կողմից իրականացվող տեխնոլոգիական կենտրոնների ծրագրերն ու ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին տրամադրվող հարկային արտոնությունների շնորհիվ աշխատատեղերի ստեղծման աճի դինամիկան։ Համաժողովի շրջանակներում նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել «Ինթել» կորպորացիայի բիզնես ղեկավար Իռեն Փեթրիքի հետ։ Քննարկվել են Հայաստանում ընկերության մասնաճյուղ հիմնելու հնարավորությունները։ Նշվել է, որ մեր երկրում կան նպաստավոր պայմաններ՝ հետազոտական լաբորատորիաներ ստեղծելու և ոլորտում համատեղ ձեռնարկատիրական սկզբունքներով բիզնես հիմնելու համար։ Ամալյա Եղոյանը հանդիպել է նաև Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի և Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնի հետ։ Քննարկվել են Համաշխարհային բանկի հետ ՏՀՏ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հաջորդական քայլերը մշակել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր