«Մանչեսթեր Յունայթեդում» լարված իրավիճակ է. խաղացողները դժգոհ են Մոուրինյոյից
«Մանչեսթեր Յունայթեդում» սրվել են թիմի խաղացողների և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի միջև հարաբերությունները:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, թիմի առաջատար ֆուտբոլիստները դժգոհ են, թե ինչպես է պորտուգալացին վերաբերվում պաշտպան Լյուկ Շոուին, և գտնում են, որ դա կանխակալ մոտեցում է: Մասնավորապես, Մոուրինյոն Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակիչ խաղում՝ «Բրայթոնի» հետ, ընդմիջմանը գոռացել է Շոուի վրա և նրան փոխարինել, մինչդեռ խաղացողների կարծիքով, Շոուն գերաանց առաջին խաղակես էր անցկացրել:
Թիմի առաջատարները որոշել են հարցի շուրջ զրուցել Մոուրինյոյի հետ: Նման տրամադրվածություն կա նաև ակումբի որոշ ղեկավարների մոտ, որոնք համարում են, որ Մոուրինյոն արդեն համը հանում է:
Բացի այդ՝ ակումբի ղեկավարության կարծիքով, խաղացողին հրապարակավ քննադատելը բացասաբար կազդի Շոուին լավ գնով վաճառելու վրա:
Շոուի պայմանագրի ժամկետն ավարտվում է հաջորդ ամռանը: Նա մտադիր չէ հեռանալ այս ամռանը և պատրաստ է սպասել մինչև հաջորդ տարի, թեպետ դժգոհ է ստեղծված իրավիճակից: