Խոշոր ավտովթար Երևանում. 22-ամյա վարորդը թափառող շների պատճառով Nissan-ով վթարի է ենթարկվել և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Գոռ Կարապետյանը իր վարած Nissan մակնիշի 35 NO 243 համարանիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի չորացած ծառերի և կողաշրջված վիճակում հայտնվել «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի տարածքում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Միհրան Միրզոյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Մաթևոսյանը, ում կողմից փաստի առթիվ անվարույթ նյութեր են նախապատրաստվում։
Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ ավտոմեքենան վարել է սթափ վիճակում։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում դեպքի վայրի հարևանությամբ բնակվողներն ասում էին. «Վթարի պատճառը թափառող շներն են եղել, ու վարորդը շներին չհարվածելու համար կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և տեղի է ունեցել վթարը»։
Բնակիչները նշում էին նաև, որ բազմաթիվ անգամ Աջափնյակ թաղապետարան ահազանգել են, որպեսզի թափառող շներին հավաքեն, սակայն անօգուտ. թաղապետարանի չինովնիկները «ուղտի ականջում քնած են»։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի