211652_close_icon
views-count3988 դիտում article-date 12:02 07-03-2018

Քննարկվել է «Անասնապահության զարգացում Հայաստանում` հարավ-հյուսիս» ծրագիրը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերին և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Զառա Ալավերդյանին` գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները քննարկելու նպատակով: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել 2017 թվականի դեկտեմբեր ամսին հանրապետությունում մեկնարկած «Անասնապահության զարգացում Հայաստանում` հարավ-հյուսիս» եռամյա ծրագրին, որն իրականացվում է Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 88 գյուղական բնակավայրերում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 4,9 մլն եվրո: Ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից վերջին տարիների ընթացքում Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացված ծրագրերի արդյունքներն ու ձեռք բերված փորձը: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների կայուն գյուղատնտեսական աճին, անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար կաթի ու մսի տեղական և արտահանման շուկաների հասանելիությանը, անասնաբուծական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնմանը: «Անասնապահությունը գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթ ուղղություններից է, որի զարգացման համար կարևոր է գյուղատնտեսական կենդանիների նույնականացումն ու հաշվառումը: Սակայն մինչ այդ հարկավոր է բարելավել անասնաբուժական ծառայությունների որակը, վերապատրաստման միջոցով բարձրացնել անասնաբույժների գիտելիքներն ու կատարելագործել նրանց հմտությունները», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ միայն ժամանակակից գործիքներով վերազինված բարձրակարգ անասնաբույժների առկայության և անասնաբուժական ծառայությունների համալիր մատուցման դեպքում է հնարավոր երկրում իրականացնել խոշոր պետական ծրագրեր, որոնք կնպաստեն ոլորտի կայուն զարգացմանը: Նախարար Իգնատի Առաքելյանը նաև տեղեկացրել է, որ կատարված օրենսդրական փոփոխության համաձայն Հայաստանում ներդրվելու է համայնքային անասնաբույժների ինստիտուտ: Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարը Գերհարդ Շաումբերգերի հետ քննարկել է Ավստրիայի զարգացման գործակալության հետ իրականացող ծրագրերը, մատնանշել առաջիկա համագործակցության հնարավոր ուղղությունները: Մասնավորապես, նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է ուսումնասիրել Հայաստանում մրգի կամ բանջարեղենի վերամշակման շարժական ծառայությունների ներդրման հնարավորությունը: Կարևորելով գյուղատնտեսության ոլորտում կրթության բարձր մակարդակի ապահովումը` նախարարը հնարավոր է համարել պետական կամ մասնավոր ֆերմերային ուսումնական հաստատության հիմնումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կենդանիների արհեստական սերմնավորմանը, կաթի հավաքման կայանների ստեղծմանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Նմանատիպ նյութեր